Ես ոչ նախարարի հետ եմ գնացել Ամերիկա, ոչ Գյուլյազարյանի հետ, ոչ էլ երբևէ եղել եմ Ամերիկայում․ Փարաքար համայնքի ղեկավար

Ես ոչ նախարարի հետ եմ գնացել Ամերիկա, ոչ Գյուլյազարյանի հետ, ոչ էլ երբևէ եղել եմ Ամերիկայում․ Փարաքար համայնքի ղեկավար

Մարտի 11-ից Նյու Յորքում մեկնարկել էր ՄԱԿ Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի 68-րդ նստաշրջանի աշխատանքները, որոնց մասնակցելու համար Երևանից Նյու Յորք էր մեկնել նաև ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։

Mediahub-ը գրել էր, որ Նարեկ Մկրտչյանը իր հետ ԱՄՆ էր տարել նաև Փարաքար համայնքի ղեկավարի տեղակալ Լյուդվիգ Գյուլնազարյանին, որի հետո նա կուսակցական հանդիպումներ է ունեցել Նյու Յորքի Խաղաղության միջազգային ինստիտուտի (IPI) գործադիր տնօրեն Ադամ Լուպելի հետ։

Մենք գրել էինք, որ Նարեկ Մկրտչյանը որպես նախարար կատարած աշխատանքային այցի անվան տակ կուսակցական հանդիպումներ է ունեցել ԱՄՆ-ում, ու այդ նպատակով իր հետ ԱՄՆ է տարել նաև իր հարազատ համայնքի ղեկավարի տեղակալ, իր մտերիմ Լյուդվիգ Գյուլնազարյանին։

Այսինքն՝ նախարարը բյուջեի հաշվին ԱՄՆ-ում ձեռքի հետ ՔՊ-ի գործերով է որոշել զբաղվել։ Բայց սա դեռ ամենը չէ։ Նարեկ Մկրտչյանը իր աշխատանքային այցն ավարտելուց հետո նաև արձակուրդ է մեկնել, որի մասին կա նաև Նիկոլ Փաշինյանի համապատասխան որոշումը՝ մարտի 18-22-ը Նարեկ Մկրտչյանին տրամադրել հնգօրյա արձակուրդ։ Mediahub-ը մի քանի օր է՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից փորձում է ճշտել՝ արդյոք Նարեկ Մկրտչյանը վերադարձե՞լ է ԱՄՆ-ից, թե՞ մնացել է այնտեղ՝ ձեռքի հետ նաև իր արձակուրդը կազմակերպելով ԱՄՆ-ում, ուր մեկնել է բյուջեի հաշվին և աշխատանքային այցի շրջանակներում։ Բայց նախարարությունից տարբեր պատճառաբանություններով մեր հարցին ստույգ պատասխան չեն տալիս, և հիմա ստիպված ենք գրավոր ուղղել մեր հարցերը։ 

Այս թեմային մենք դեռ կանդրադառնանք, երբ նախարարությունից ստանանք մեր հարցերի պատասխանները։ Իսկ մինչ այդ մենք զանգահարեցինք Փարաքար համայնքի ղեկավարին՝ ճշտելու, թե ի՞նչ նպատակով էր իր տեղակալ Լյոիդվիգ Գյուլնազարյանը մեկնել ԱՄՆ և վերադարձե՞լ է արդեն, թե՞ ոչ, քանզի կասկածներ կան, որ Գյուլնազարյանն ու նախարար Մկրտչյանը միասին են արձակուրդը անցկացնում ԱՄՆ-ում։

«Ինքը գործուղման չի եղել, արձակուրդի մեջ ա եղել»,- ասաց Դավիթ Մինասյանը։

-Բայց մենք տեսանք, որ ինքը սոցապնախարար Նարեկ Մկրտչյանի հետ Ամերիկայում էր։

-Դե, հիմա, ասենք, էնտեղ բազմաթիվ փարաքարցիների հետ կարա նկարվի, իրա էջով գցի, էդ իրա խնդիրն ա, Գյուլնազարյանը արձակուրդի մեջ ա եղել, արձակուրդ ա ուզել, ես տվել եմ։ Հիմա ինքը Ամերիկայում կանցկացնի, թե իրանց տնից դւորս չի գա, թե այլ ուղղությամբ կգնա, էդ իրա խնդիրն ա, իրա պրոբլեմն ա, էդ ինձ ընդհանրապես հետաքրքրող առարկա կամ թեմա չի։

-Պարզապես ինքը ԱՄն-ում Նարեկ Մկրտչյանի հետ կուսակցական հանդիպման է մասնակցել։ 

-Դե, չեմ կարա ասեմ, էդ հարցերով, խնդրում եմ, իրեն դիմեք։

-Իսկ վերադարձե՞լ է արձակուրդից։ 

-Ոչ, չի վերադարձել։

-Իսկ ե՞րբ է վերադարձել, ե՞րբ է լրանում ժամկետը։

-Դե, հիմա, տենց ստույգ չեմ հիշում՝ քանի օրով եմ կարգադրություն տվել, որ արձակուրդ լինի, որովհետև էդ եղել ա օրեր առաջ։ Եթե շատ հստակ ա Ձեզ պետք, կարամ մի քիչ հետո իմանամ, հետ զանգեմ, ասեմ։

-Բայց ինքը սոցապնախարարի հետ ԱՄն-ում կուսակցական հանդիպման է մասնակցել, ինչի մասին նախարարը իր էջով տարածել է։

-Հա, տարածել ա, լավ ա արել, ես էդ հարցերի մեջ չկամ, ես ո՛չ նախարարի հետ եմ գնացել Ամերիկա, ո՛չ Գյուլյազարյանի հետ եմ գնացել, ո՛չ էլ երբևէ եղել եմ Ամերիկայում, չեմ կարա ասեմ, էլի, թե իրանք որտեղ են հանդիպել, իրար հետ են ստեղից մեկնել, թե էնտեղ են հանդիպել։

-Իսկ ՔՊ անդա՞մ է Գյուլնազարյանը։

-Էդ հարցերը իրա հետ, էլի, ես տենց հստակ չեմ կարա ասեմ՝ ինքը կուսակցական պատկանելություն ունի՞, թե՞ չունի էս պահին։

Հ․Գ․ Որոշ ժամանակ անց Դավիթ Մինասյանը, ինչպես և խոստացել էր, հետ զանգահարեց և ասաց, որ մարտի 24-ին ավարտվում է Լյուդվիգ Գյուլնազարյանի արձակուրդը, ամսի 25-ից էլ աշխատանքի է։

Ի դեպ, մենք զանգահարեցինք նաև Լյուդվիգ Գյուլնազարյանի հեռախոսահամարով, սակայն նրա համարն անհասանելի էր՝ հավանաբար ԱՄՆ-ում է ու դեռ չի վերադարձել։ Նույն կերպ անհասանելի էր նաև նախարար Նարեկ Մկրտչյանի հեռախոսահամարը։

Վահե Մակարյան