Մամուլը՝ սուրճով

Մամուլը՝ սուրճով

«Հրապարակ»  թերթը գրում է․

Պատերազմից հետո Ջալալ Հարությունյանը նույնպես հարցաքննվել է թշնամու վերահսկողության տակ անցած Հադրութ տեղափոխված եւ շրջափակման արդյունքում զոհված կամ անհետ կորած 72 զինծառայողներին առնչվող քրեական գործով: Զինծառայողների ծնողները պնդում էին, որ նրան պետք է մեղադրանք առաջադրվի, քանի որ Հարությունյանն է հրամանը տվել։ Թերեւս դա էր պատճառը, որ երեկ Ջալալին մեղադրանք առաջադրվեց, բայց նա չձերբակալվեց։

Որոշ տեղեկություններով, Ջալալ Հարությունյանի նկատմամբ Նիկոլ Փաշինյանը նուրբ զգացումներ ունի, եւ դրանք առաջացել են 2016 թվականին, երբ ապրիլյան պատերազմից մոտ մեկ ամիս անց ՔՊ ջոկատը մեկնել էր ինժեներական աշխատանքներ իրականացնելու, եւ նրանց տեղակայել էին Ջալալ Հարությունյանի ղեկավարած զորամասում:

«Հրապարակ»  թերթը գրում է․

Գործարար Ռուբեն Վարդանյանը նախօրեին հայտարարեց, որ հրաժարվում է ռուսաստանյան քաղաքացիությունից եւ որոշել է բնակություն հաստատել Արցախում: Նաեւ կոչ արեց հայերին՝ տեղափոխվել եւ շենացնել Արցախը։ Արցախյան մեր աղբյուրները տեղեկացնում են, որ Վարդանյանն Արցախում շարքային քաղաքացու կարգավիճակում չի լինելու, նրա ներուժը փորձելու են օգտագործել կառավարման համակարգում։

Մեր տեղեկություններով, նա առաջիկայում նշանակվելու է Արցախի պետնախարար։ Սա Արցախի վարչապետի պաշտոնն է, որն այժմ զբաղեցնում է Արտակ Բեգլարյանը: Ավելի վաղ Ռուբեն Վարդանյանը հանդես էր եկել Արցախի անվտանգության ու զարգացման աջակցության համահայկական ճակատ ստեղծելու առաջարկով: Նա ներդրումներ է անում Արցախում եւ մտերիմ հարաբերություններ ունի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ։

«Հրապարակ»  թերթը գրում է․

Երեկ միանգամից երկու հանրահավաք էր ընթանում, մեկը՝ Ստեփանակերտում, մյուսը՝ Երեւանում։ Ճիշտ է՝ մարդկանց բազմությունը մեծ չէր, մանավանդ՝ Երեւանում։ Բայց դա միանգամայն հասկանալի է․ մարդիկ հոգնել են, հույս չունեն, որ այս պայքարն արդյունք կտա։ Թեեւ անգամ անզեն աչքով նկատելի է, որ գործող իշխանությունների վարած քաղաքականությունից դժգոհությունն աճում է երկրաչափական պրոգրեսիայով։

Ընդդիմությունը կարծում է, որ պայքարից հիասթափվելու իրավունք չունեն։

«Հրապարակ»  թերթը գրում է․

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ԱԺ պատգամավորները երեկվանից Դիլիջանում են: Պատգամավորներին հատուկ զգուշացրել են, որ յուրաքանչյուրի ներկայությունը պարտադիր է, ովքեր երեկ չեն մեկնել, այսօր առավոտյան պետք է լինեն Դիլիջանում։ Հովիկ Աղազարյանը մեզ հետ զրույցում հաստատեց, որ Դիլիջանում կուսակցական հավաք է ընթանում։ Իրականում, ամերիկյան NDI (National Democratic Institute) կազմակերպության փորձագետները թրեյնինգներ են անցկացնում իշխանական պատգամավորների հետ:

Թրեյնինգների վերջին օրը՝ կիրակի, Դիլիջան է մեկնելու նաեւ Նիկոլ Փաշինյանը։ Ի դեպ, վերջերս ԱՄՆ դեսպան Լիլիթ Մակունցը եւս ինչ-որ ուղերձ էր բերել ԱՄՆ իշխանություններից, իսկ ԱԽՔ Արմեն Գրիգորյանն իր մոտ էր հրավիրել իշխանամետ փորձագետներին եւ հորդորել, որ տարածաշրջանում որպես փրկություն՝ ԱՄՆ-ի ներկայությունը քարոզեն ու նախապատրաստեն։

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Արթուր Ղազինյանը պատրաստվում է հանդես գալ նոր նախաձեռնությամբ, որի նպատակն է ձևավորել մասնագիտական-պրոֆեսիոնալ հարթակ՝ երկրի առջև ծառացած խնդիրներին լուծում գտնելու նպատակով:

«Փաստ» թերթի տեղեկություններով, նախատեսվում է գործընթաց սկսել համահայկական ուղեղային կենտրոն ստեղծելու ուղղությամբ, որը պետք է ներգրավի քաղաքական գործընթացներին չմասնակցող արհեստավարժ, փորձառու և համակարգային գիտելիքներ ունեցող անձանց:

Մեր աղբյուրի փոխանցմամբ, առաջիկայում քաղաքականություն վերադառնալու մասին է հայտարարելու ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը:

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ինչպես երևում է, Երևանի ավագանու ընտրությունները, որոնք նախատեսվում են 2023 թվականի աշնանը (եթե, իհարկե, իշխանությունները չորոշեն արտահերթ կազմակերպել), բավականին մրցակցային են լինելու:

«Փաստ» թերթի տեղեկություններով, Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու որոշում ունի նաև «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը:

Մեր աղբյուրների փոխանցմամբ, ԼՀԿ ցուցակը գլխավորելու է Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը:

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Փաստ» թերթի տեղեկություններով, ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը բավական «ճոխ» բացահայտումներ է արել մի շարք ոլորտներում: Մեր աղբյուրի փոխանցմամբ, ի մասնավորի, ուսումնասիրություններ են կատարվել Պետական առողջապահական գործակալությունում՝ հատկապես կապված պետպատվերի համակարգի հետ:

Արդյունքում 10 խոշոր բժշկական կենտրոններում հայտնաբերվել են խոշոր խախտումներ: Օրինակ՝ մեր ունեցած տեղեկություններով, միայն մեկ ԲԿ - ում պետպատվերի միջոցով բժշկական սպասարկման հետ կապված 140 մլն դրամի խախտում է արձանագրվել, որի մի մասը պետբյուջե է վերադարձվել: Մենք ունենք նաև տեղեկություններ, որ շուտով «սև օրեր» են սպասվում նաև մի շարք համայնքապետարաններում:

Ի դեպ, մեր աղբյուրի փոխանցմամբ, ՊՎԾ-ն շուտով ստուգումներ է սկսելու նաև ձկնաբուծարաններում:

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Փաստ» թերթի տեղեկություններով, ներկայում իշխանություններն առանձնահատուկ վերաբերմունք են ցուցաբերում մի քանի «ընտրյալ» դատավորների հանդեպ, որպեսզի նրանք ավելի կոմֆորտ պայմաններում աշխատեն ու «չնեղվեն»։

Դրանք հիմնականում այն դատավորներն են, որոնց, որպես կանոն, մակագրվում են աղմկահարույց, քաղաքական ուղղվածության գործերը՝ վստահությամբ, որ կարդարացնեն իշխանության ակնկալիքները։

«Ընտրյալները», բացի իրենց ամենամսյա աշխատավարձից, հատկապես վերջին մեկուկես տարվա ընթացքում կայուն կերպով ստանում են նաև նույն չափի հավելավճար։

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ իրավապահ համակարգը 44-օրյա պատերազմի գործողությունների մասով հարուցված քրեական գործերով կանգնել է մի խնդրի առաջ: Բանն այն է, որ 2020 թ. 44-օրյա պատերազմի գործերը քննող նախաքննական մարմիններին պատերազմի ոչ բոլոր նյութերն են հասու, քանի որ դրանք համարվում են պետական, ռազմական գաղտնիք:

Ավելին՝ մեզ հասած լուրերի համաձայն՝ նախաքննական մարմիններից մեկը դիմում է ներկայացրել ՀՀ կառավարություն՝ խնդրելով տրամադրել պատերազմի մասով որոշ նյութեր, իսկ թե ինչ են պատասխանել դիմումին, մեզ առայժմ մանրամասներ պարզել չհաջողվեց, միայն գիտենք, որ այնքան էլ գոհացուցիչ չի եղել պատասխանը:

Իսկ, ահա, երեկ մեղադրանք առաջադրվեց Հայաստանի պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողական ծառայության պետ, Արցախի ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանին: Թե ինչն է ակտիվության պատճառը, դեռ անհասկանալի է. երկու տարի անց հիշել են պատերազմի մեղավորներին։

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

Հայաստանում օր օրի գրանցվող գնաճին զուգահեռ՝ շահումով օնլայն խաղերով զբաղվող կազմակերպությունների սեփականատերերը շարունակում են երկրաչափական պրոգրեսիայով գերշահույթներ ստանալ: Քաղաքացիներին մոլորություն մեջ գցող, կախում առաջացնող օնլայն խաղերի պատճառով բազմաթիվ ընտանիքներ են փաստի առաջ կանգնել. դեպքեր են եղել, երբ անհատները ինքնավնասման, ընդհուպ՝ ինքնասպանության փորձ են արել՝ էլ չասած ունեզրկությունների, տունուտեղ կորցնելու ու նմանատիպ այլ դեպքերի մասին:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ, օրինակ, Շմավոն Շահումյանը պահանջել է իրեն տրամադրել շահած 1.572.550 հազար դրամը, դատարանը, սակայն, որոշել է հայցը բավարարել մասնակի ու ընկերությանը պարտավորեցնել քաղաքացուն վճարել 560 հազար դրամ: Քաղաղաքացի Խաչատուր Ավետիսյանի՝ 400.000 դրամի պահանջով հայցն էլ դատարանն ամբողջովին է բավարարել, ու «Վբեթ» ընկերությունը ստիպված է եղել վճարել ոչ միայն պահանջվելիք գումարը, այլ նաեւ հայցվոր կողմի դատական ծախսերի գումարը: Սա նշանակում է, որ քաղաքացիները, տրվելով սադրանքին, ամեն դեպքում, գումար են խաղացել, շահել են, սակայն «Վբեթ» ընկերությունը հրաժարվել է դրանք վճարել, ինչն էլ դատական վեճի պատճառ է դարձել:

Ի՞նչ է ստացվում. ՀՀ հպարտ քաղաքացիների վարչապետ Նիկոլ Փաշինյանի իշխանության հիմնական ֆինանսավորողները՝ Վահե, Վիգեն Բադալյանները, որ ՀՀ-ում հայտնի բուքմեյքերական «Վիվառո Բեթինգ» ՍՊԸ-ի սեփականատերերն են, արդար չեն վարվում իրենց սպառողների հետ:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Աղբահանության ու սանիտարական մաքրման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ են կատարվելու: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ անգամ մեծ տուգանքներ են նշանակվելու: Մասնավորապես, գործող աղբավայրերի բարեկարգմանն ու շահագործմանը ներկայացվող նվազագույն պահանջները չկատարելու դեպքում աղբավայրը շահագործող ընկերությունը կտուգանվի 100 հազար դրամից 200 հազար դրամի չափով:

Պայթուցիկ եւ դյուրավառ նյութերի, բժշկական հաստատությունների, սպանդանոցների ու այլ տեսակի կենսաբանական աղբի դեպքում, ինչպես նաեւ այն պարագայում, երբ հեղուկ գազն առանց հատուկ տարաների մեջ պահեստավորելու աղբավայր կնետվի, ֆիզիկական անձը՝ 10.000-20.000, իրավաբանական անձը 80.000-100.000 դրամի չափով կտուգանվի։