Փաշինյանը խոստովանեց. «Նախկինները» ամրապնդել են հայ-ռուսական դաշինքը

Փաշինյանը խոստովանեց. «Նախկինները» ամրապնդել են հայ-ռուսական դաշինքը

Վերջին երեք տասնամյակի ընթացքում հայ-ռուսական հարաբերությունները, որոնք հենված են մեր երկրների ժողովուրդների դարավոր բարեկամության և եղբայրության ամուր հիմքի վրա, հարստացել են որակապես նոր բովանդակությամբ։ Այդ մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Արևմուտքի հետ կապերի խորացման անհրաժեշտության մասին ողջ քաղաքական կարիերայի ընթացքում հայտարարող Նիկոլ Փաշինյանն արձանագրում է, որ «նախկինների» կառավարման տարիներին հայ-ռուսական հարաբերություններն ամրապնդվել են և հարստացել նոր բովանդակությամբ: Այո, «նախկինների» օրոք ՀՀ-ն կառուցեց հզոր բանակ՝ գնեց Իսկանդերներ, խորացրեց հայ-ռուսական տնտեսական կապերը ԵԱՏՄ-ի շրջանակներում:

Փաշինյանի և ՔՊ-ականների օրոք հայ-ռուսական կապերը խաթարվել են՝ 2018թ.-ի իշխանազավթումից հետո ՔՊ-ականները սկսեցին հանդես գալ տարբեր հակառուսական քայլերով՝ խաթարելով ԵԱՏՄ-ի ու ՀԱՊԿ-ի աշխատանքը, փորձելով ՀՀ-ի արտաքին քաղաքականությունը շրջել դեպի Արևմուտք: Ինչ աղետալի արդյունքների բերեցին ՔՊ-ականների արտաքին քաղաքական խուսանավումները, ցույց տվեց արցախյան 44-օրյա պատերազմը:

Այսօր, երբ ընդդիմության համազգային պայքարի արդյունքում իշխանափոխությունը մոտ է, Փաշինյանն ու ՔՊ-ականները, միմյանց հերթ չտալով, ռուսամետ հայտարարություններ են անում, սակայն Մոսկվան շատ լավ է ճանաչում ողջ ՔՊ-ական թիմին, նրանց բեքգրաունդները՝ կապերը Արևմուտքի, արևմտյան ՀԿ-ների հետ:

ՀՀ-ՌԴ դաշնակցային կապերը կարող են նոր հիմքերի վրա կանգնել միայն իշխանափոխությունից հետո՝ Մոսկվան ցանկանում է Երևանում իշխանության տեսնել վստահելի, հայամետ, հայրենասեր, պետականամետ ուժերի, ովքեր կկարողանան դիմագրավել թուրք-ադրբեջանական տանդեմին ու դա կանեն ՌԴ-ի հետ սերտ ռազմա-քաղաքական դաշինքի շրջանակներում:

Վահրամ Բագրատյան