«Կարմիր գծերի» թանկացման որոշումը չեղարկելու հույս կա՞․ «Մայր Հայաստանը» սպասում է

«Կարմիր գծերի» թանկացման որոշումը չեղարկելու հույս կա՞․ «Մայր Հայաստանը» սպասում է

«Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը դատական կարգով վիճարկում է Տիգրան Ավինյանի կողմից քաղաքապետի լիազորությունների ստանձնման օրինականությունը։

Ընդդիմադիր խմբակցությունը պնդում է՝ այդ լիազորությունների ստանձնումը տեղի է ունեցել ավագանու քվորումի բացակայության պայմաններում: 

Մասնավորապես, «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանը ավելի վաղ դիմել էր Վարչական դատարան, սակայն դատարանը հայցը վարույթ չէր ընդունել: Որոշումը բողոքարկել էր Վերաքննիչ դատարան և օրերս դատարանը որոշել է, որ Վարչական դատարանը պետք է վարույթ ընդունի ներկայացված հայցը։ 

MediaHub-ի հետ զրույցում «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանը ներկայացրեց սպասելիքները։

«Ավինյանը ապօրինի է ստանձնել իր լիազորությունները և ցանկացած որոշում կամ գործընթաց, համագործակցություն այս քաղաքապետի կամ քաղաքապետարանի հետ խնդիր է։ Վարչական դատարանից ես պահանջել եմ երդմնակալության նոր նիստի անցկացում։ Դրա նպատակն է, որպեսզի նոր երդմնակալության նիստ անցկացվի, որի ժամանակ ոչ իշխանական իբրև ընդդիմադիրները ցույց տան, որ կապահովեն այդ քվորումը կամ եթե քվորումը չապահովեն՝ գնանք արտահերթ ընտրությունների»,- ասաց նա։

Հակոբյանի խոսքով՝ քանի որ իշխանությունն էլ են իրենք, դատական իշխանություններն էլ են իրենք, խմբակցությունը երկու ֆրոնտով է աշխատում։ Նրա խոսքով՝ ըստ օրենքի՝ մեկ ամսվա ընթացքում վարույթի մասով արդեն պատասխանը կլինի։

Ճիշտ է, նրա խոսքով, իրենք այնքան էլ վստահ չեն դատական համակարգի վրա: Բացի այս, նաև նախագիծ են ներկայացրել քաղաքապետարան, որը քաղաքապետարանը մերժել է, ու մերժման թղթով նորից հայց են ներկայացրել դատարան։

«Մենք ամեն ինչ անելու ենք, որ այս քաղաքապետարանը փլուզվի իր ղեկավար կազմով, քանի որ իրենք օրենքին դեմ են աշխատում։ Իրենք հիմա էլ մեծամասնություն չունեն, իրենք 32-ն են, իսկ մենք` ոչ իշխանականներս 33-ն ենք, ուղղակի «Հանրային ձայնի» երկու ավագանիները մեջը չեն ու չեն կողմնորոշվել՝ ընդդիմություն են, թե իշխանություն։ Եթե նոր ընտրություն լինի, ինձ թվում է, որ ավելի շատ մարդ կմասնակցի ընտրություններին»,- ասաց Հակոբյանը։

Երևանի քաղաքապետարանն արդեն ընդունել է մի շարք օրենքներ և որոշումներ, որոնք ժողովրդի շրջանում դժգոհություն են առաջացրել, մասնավորապես,  «կարմիր գծերի» մասով աղմկահարույց որոշումը, որը, իբրև թե, քաղաքի կենտրոնը բեռնաթափելու համար է արված, բայց տոներից հետո պարզ դարձավ, որ խցանումներն ինչպես կային, այդպես էլ կան, Կենտրոն վարչական շրջանի փողոցներում էլ կայանելու տեղ միևնույն է չկա: Եվ եթե դատարանը բավարարի «Մայր Հայաստան» խմբակցության հայցը, ապա, ըստ էության, այս որոշումները պետք է չեղարկվեն:  

««Կարմիր գծերի» որոշման մասով մենք ունենք ստույգ դիրքորոշում և եթե «Մայր Հայաստանը» լիներ քաղաքային իշխանություն, նման թանկացում չէր լինի։ ՔՊ-ն իրավունք չունի այսպիսի թանակացումների, քանի որ եթե թանկացում լինում է, ապա պետք է ծառայություն մատուցվի։ Հիմա էլեկտրական մեքենաներն անվճար են կայանում, որը տրամաբանությունից դուրս է, քանի որ եթե դու ուզում ես մեքենաների հոսքը պակասի կենտրոնում, ապա եթե գոնե մեկ էլեկտրական մեքենա էլ գա կանգնի այդ գծի վրա, այն այլևս երթևեկելի չէ»,- հավելեց մեր զրուցակիցը։

Մարիաննա Արամյան