Միջին մասնագիտական կրթություն ունեցող ուսուցիչները՝ գործազուրկ դառնալու շեմին 

Միջին մասնագիտական կրթություն ունեցող ուսուցիչները՝ գործազուրկ դառնալու շեմին 

MediaHub-ը բազմաթիվ ահազանգեր է ստացել ուսուցիչներից, որոնք միջին մասնագիտական կրթություն ունեն և անցել են ատեստացիա, որպեսզի աշխատանքը շարունակելու հնարավորություն ունենան։

Այսպես, «Հանրակրթության մասին» օրենքում արված փոփոխությունների համաձայն՝ միջին մասնագիտական կրթություն ունեցող ուսուցիչները պետք է աշխատանքից ազատվեին, սակայն, հետագայում մեկ այլ փոփոխություն ևս արվեց, ըստ որի՝ ուսուցիչները կարող են շարունակել աշխատել, եթե մասնակցեն կամավոր ատեստացիայի և հաղթահարեն անցողիկ շեմը։ Սակայն, այստեղ որոշակի խնդիր է առաջանում, քանի որ ատեստացիայի ընթացքում անցողիկ շեմը չհաղթահարած ուսուցիչների համար նախարարությունն ունի հստակ հրամանագիր, որը ստորագրվել է դեկտեմբերի 7-ին։

Հրամանագրում, մասնավորապես, նշված է․ «Հրամայում եմ հաստատել 2023 թվականին վերաատեստավորումը չանցած ուսուցիչների ցուցակը, որոնք, բացառությամբ 50-59% արդյունք ցուցաբերած կամ ատեստավորման համեմատ վերաատեստավորման արդյունքում 15% տոկոս աճ ցուցաբերած դեպքի, ազատվում են զբաղեցրած պաշտոնից»։

Այսպես, մեզ դիմած ուսուցիչներից մեկը, որ 59% արդյունք է ցուցաբերել, մինչ այս պահը հրամանագրից հասկացել էր, որ իրավունք ունի վերաատեստավորման, սակայն, իրեն տեղեկացրել են, որ ինքն աշխատանքից ազատման է ենթակա, քանի որ միջին մասնագիտական կրթություն ունի։

«Այս հրամանագրում որևէ կերպ առանձնացված չեն միջին մասնագիտական կրթություն ունեցող ու բարձրագույն կրթություն ունեցող ուսուցիչները։ Ու հիմա հասկանալի չէ, թե ինչու ես իրավունք չունեմ վերաատեստավորվելու»,- նշեց մեր զրուցակիցը։ 

ԿԳՄՍ նախարարությունից պարզաբանեցին՝ անցողիկ շեմը 60%-ն է, այսինքն՝ 59% արդյունք ցուցաբերած ուսուցիչները ևս ենթակա են աշխատանքից ազատման։

ԿԳՄՍ նախարարության պարզաբանումը ստանալուց րոպեներ անց մենք մեկ այլ զանգ ստացանք նույն թեմայի վերաբերյալ։ Երբ ներկայացրինք, որ 60%-ն է անցողիկ շեմը, և հրամանագրում նշված թիվն է թյուրըմբռնում առաջացել, մեր զրուցակիցը նեղսրտեց․ «30 տարուց ավելի աշխատում եմ ոլորտում։ Ատեստավորում անցնելուց հետո իմացել եմ, որ անցողիկ շեմը 50%-ն է, քանի որ 2022 թվականին 49%-ը հաղթահարած ուսուցիչները շարունակել են աշխատել։ Հիմա, վերջին պահին պարզվում է, որ անցողիկ շեմը բարձրացել է, ու ես, իմ պես հարյուրավոր ուսուցիչներ մնալու են գործազուրկ»։ 

Նարե Գնունի