Հայաստանն ընտրվել է Զինված հակամարտությունների դեպքում մշակութային ժառանգության պաշտպանության կոմիտեի անդամ

Հայաստանն ընտրվել է Զինված հակամարտությունների դեպքում մշակութային ժառանգության պաշտպանության կոմիտեի անդամ

Դեկտեմբերի 12-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում մեկնարկել է Զինված հակամարտությունների դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին 1954թ. Հաագայի կոնվենցիայի Երկրորդ արձանագրության մասնակից պետությունների 10-րդ հանդիպումը, որի շրջանակներում կայացած ընտրությունների արդյունքներով Հայաստանը կրկին դարձել է Զինված ընդհարման դեպքում մշակութային ժառանգության պաշտպանության հարցերով կոմիտեի անդամ՝ 2023-2027թթ․ ժամանակահատվածի համար:

Հայաստանը Կոմիտեի անդամ է հանդիսացել նաև 2013-2021թթ․՝ հանդես գալով մի շարք նախաձեռնություններով․ 2020թ․ Հայաստանի նախաձեռնությամբ Կոմիտեի կողմից միաձայն ընդունվել է հայկական մշակութային ժառանգության վիճակը գնահատելու նպատակով Լեռնային Ղարաբաղ և հարակից տարածքներ ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության անհապաղ գործուղման վերաբերյալ հայտարարություն։ Նախաձեռնվել է նաև Երկրորդ արձանագրության ընթացակարգերի վերանայման գործընթացը՝ ծայրահեղ հրատապ իրավիճակներում ՅՈՒՆԵՍԿՕ-ի արագ արձագանքման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով, որի անհրաժեշտությունը ծագել էր 2020 թվականին Ադրբեջանի կողմից Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց մայր տաճարի թիրախավորված ռմբակոծությունից հետո։

Տեղեկանք․ «Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին» 1954թ. Հաագայի կոնվենցիային կից 1999թ. Երկրորդ արձանագրության Կոմիտեի կարևոր գործառույթներից է Արձանագրության կիրառման գործընթացի վերահսկումը և ուղենշային սկզբունքների մշակումը, անդամ երկրների պարբերական զեկույցների քննարկումը, ինչպես նաև՝ մշակութային արժեքների համար ուժեղացված պաշտպանության կարգավիճակի տրամադրումը: