Արցախում բուժօգնության կարիք ունեցող ծանր վիճակում գտնվող հիվանդներից մեկը մահացել է

Արցախում բուժօգնության կարիք ունեցող ծանր վիճակում գտնվող հիվանդներից մեկը մահացել է

Ադրբեջանի գործողությունների հետևանքով շրջափակման մեջ հայտնված Արցախում բուժօգնության կարիք ունեցող ծանր վիճակում գտնվող հիվանդներից մեկն այսօր մահացել է։ Ինչպես Արցախի հանրային հեռուստատեսությանը հայտնել է Ստեփանակերտի Հանրապետական բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Մհեր Մուսայելյանը, հիվանդը պետք է ստուգվեր այլ բժշկական հաստատությունում, քանի որ ուներ նաև այլ առողջական խնդիրներ, բայց ճանապարհի փակ լինելու պատճառով, չի հաջողվել։

Սրտի հրատապ վիրահատության կարիք ունեցող մեկ հիվանդ Կարմիր խաչի ուղեկցությամբ տեղափոխվել է նախ Գորիս, ապա Երևանի համապատասխան բժշկական կենտրոն, որտեղ սրտի բարդ վիրահատություն պետք է կատարվի։

Հիշեցնենք, որ արդեն ութերորդ օրն է, ինչ ադրբեջանցիները փակել են Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Գորիս-Ստեփանակերտ մայրուղին, ինչի հետևանքով Արցախը՝ 110.000 բնակչով հայտնվել է բլոկադայի մեջ: Հումանիտար աղետի հետևանքով բուժօգնությունից զրկված են մի շարք քաղաքացիներ, այդ թվում՝ երեխաներ, որոնք կարիք ունեն վիրահատական միջամտությունների: