Սեպտեմբերի 18-ն Արցախի վերջին «խաղաղ» օրն էր. նրանք, ովքեր ներկա էին, այլևս բացակա են

Սեպտեմբերի 18-ն Արցախի վերջին «խաղաղ» օրն էր. նրանք, ովքեր ներկա էին, այլևս բացակա են

«Մեկ տարի առաջ այս օրը շրջափակված վերջին երջանիկ օրն էր մեր տանը։ Այո, երջանիկ էի, որ չնայած մեր դեմ իրականացվող բռնաճնշումներին, սննդի, դեղորայքի ու վառելիքի պակասին, մեր տանն էինք ու դեռ վերջին հույսը մարված չէր»,- MediaHub-ի հետ զրույցում ասում է Արցախից բռնի տեղահանված Արևիկ Մելքումյանը։ 

Արևիկի խոսքով՝ սեպտեմբերի 18-ին ամուսինն իջել է դիրքերից, ոտքով Ստեփանակերտից գնացել Խնածախ գյուղ, ալյուր ձեռք բերել, կես ճանապարհը ոտքով, մյուս կեսը՝ ձիով հասցրել իրենց տուն։

«Այդ օրը տանը հաց թխեցի ու բաժին հանեցի նաև հարևաններիս։ Ամուսինս ասաց՝ «չնայած համար 1 հրամանը հանել են, բայց միևնույն է անհանգիստ եմ», առաջարկեց գնանք իր ծնողներին ու եղբայրների ընտանիքներին տեսակցելու։ Տաք հացը ամենասպասված նվերն էր որևէ մեկի տուն տանելու համար։ Իսկապես երջանիկ էինք, բոլորս միասին էինք, չնայած մեր տղամարդիկ զգում էին սպասվող վտանգը։ Երեկոյան, երբ տուն վերադարձանք, Սերգեյը խնդրեց անհրաժեշտ իրեր դասավորեմ, փաստաթղթերը հավաքեմ, պատրաստ լինեմ։ Չուզենալով, բայց արեցի դա»,- նշում է կինը։

Սեպտեմբերի 18-ն Արցախի վերջին «խաղաղ» օրն էր։ Ամեն դեպքում արկեր չէին որոտում, մարդիկ 2020-ից հետո ապաստարանում գիշերներ չէին անցկացրել։ Օրը սովորականից ավելի խաղաղ էր թվում։ Սեպտեմբերի 18-ն Արևիկը ամենաշատն է կարոտում, որովհետև նրանք, ովքեր ներկա էին, այլևս բացակա են։

«Հաջորդ օրվանից սկսվեցին կորուստները։ Դրանք դաժան ու անմոռանալի օրեր էին, որ ամբողջ կյանքում չեմ մոռանա։ Չեմ մոռանա ապաստարանում անցկացրած գիշերները, մայրերի լացը, երեխաների վախը, իրար փնտրողների սպասումները, շշուկով զոհերի մասին խոսող մարդկանց հուսահատ, թևաթափ ու խեղճացած հայացքները։ Սարսափելի օրեր էին։ Մեկս մյուսից տեղեկություն չունեինք։ Խելագարվել էր ժողովուրդը»,- արտասվում է Արևիկը։ 

Արևիկի ամուսինն օրեր շարունակ վիրավոր վիճակում դիրքերում մնացել է մինչև  սեպտեմբերի 24-ը. «Հարևաններս, որ մինչև վերջին վայրկյանը կողքիս էին, ինձ պատրաստում էին ամենավատին, որ պիտի ուժեղ մնամ, դիմադրեմ»։

Սերգեյը հրաշքով է իջել Հարավի դիրքերից։ Դրանից հետո իրենք էլ մյուսների պես բռնել են գաղթի ճանապարհը։ 

«Ներսի թշնամին կոտրեց ու փշրեց մեր բոլոր երազանքները, խաբեց, փոշիացրեց բոլորիս հույսերը։ Մեր ժողովուրդը մինչև վերջին վայրկյանը պաշտպանեց իր հողը։ Մեզ կտրեցին մեր արմատից, հիմա ինչպե՞ս ապրենք»,- հավելեց նա։ 

Մեկ տարի առաջ այս օրն Արցախի վերջին երջանիկ օրն էր, հետո սկսվեց քաոսը, ապա գաղթը...ու փոխվեց արցախցիների երազանքը։

Հունան Թադևոսյան