Մի բուռ հող եմ բերել Արցախից, որի հետ զրուցում եմ հորս հիշելիս, որի առջև աղոթում…

Ստեփանակերտից դուրս գալու և Արցախը լքելու օրը, երկօրյա դժվար ու անդառնալի կորուստներով լի ճանապարհը երբեք չի մոռանա Վալերիա Կարապետյանը։ Նա իր 2 անչափահաս երեխաների ու ընտանիքի անդամների հետ մի օր կանգնեցին փաստի առաջ, որ փոքր մեքենայի մեջ պիտի տեղավորեին տարիների կուտակածը, ունեցածն ու գան Հայաստան, որն այդ օրերին հատկապես՝ փրկության միակ ապաստանն էր, հեռվում նշմարվող լույս, որին մի քանի ժամում հասնելու համար, թվում էր, անվերջանալի օրեր են պետք։
«Իմ ունեցածն իմ ընտանիքն էր»,- MediaHub-ի հետ զրույցում ասում է Վալերիան։
«Ես Աստծուց ուրիշ ոչինչ չխնդրեցի այդ օրերին, քան ընտանիքիս ողջությունը։ Ինձ համար տպավորիչ տողեր եմ գտել համացանցում, դա իմ պատմությունն էր»։
«Գաղթը անձամբ չճաշակողի համար հասարակ անուն է և գրվում է փոքրատառով, իսկ անձամբ ճաշակողի համար՝ դա հատուկ անուն է։ Այն ժամանակ, երբ մի թեթև բեռ շալակդ առած, մորդ ձեռքը բռնած, դուրս ես գալիս քո հայրենի տնից և մի վերջին անգամ ետ ես նայում կտրելու համար այն անթիվ անըմբռնելի թելերը, որ քեզ կապում է քո հայրենի տանը, քո պապերին, պապի պապերին, այն ամբողջ քաղցր հուշերին, որոնցով ապրում էիր մինչև այդ վայրկյանը, դու, երբ մի խորունկ ա՜խ ես քաշում ու երես դարձնում այդ բոլորից, այն ժամանակ ես գգում միայն, թե ինչ բան է գաղթը...»,- մեջբերում է մեր զրուցակիցը։
Նրա պատմությունը ևս սկսվում է սեպտեմբերի 19-ից։ Կեսօրին դպրոցական աղջկա համար ճաշ էր պատրաստում Վալերիան, չնայած որ սովորականից ավելի լարված էին քաղաքում տարածված շշուկներից։ «Սպասում էինք, սկսվեց, 1,2,3․․․ հետո անթիվ ու անդադար պայթյուններ Ստեփանակերտի վրա, դիմացի բարձունքներին... քիչ մնաց ուշաթափվեի, ինձ օգնեց աղջիկս. պիտի ուժեղ լինեի, որ հոգ տանեի մյուսների մասին»,- ասում է նա։
Վալերիան Ստեփանակերտ հարս էր եկել Մարտունու շրջանի Հաղորտի գյուղից։ Ուստի, երբ նրա ամուսնական ընտանիքը տեղափոխվել էր նկուղ ու բոլորն իր կողքին էին, նրա մտահոգությունը Հաղորտիում մնացած իր հարազատներն էին, որոնց հետ կապ հաստատել չկարողացավ։
«Մի քանի ժամ հետո հավաստի մարդուց լուր ստացանք, որ շրջանն ամբողջությամբ պաշարված է, Շոշ-Հարավ գյուղերի մոտ ադրբեջանցիներն արգելապատնեշներ էին տեղադրել ճանապարհին։ Անզորությունից ուզում էի գոռալ, երեխայի պես լացել, բայց իմ երեխաների մոտ չէի ուզում նույնիսկ լաց լինել, մտածում էի կվախենան»։
Հիշում է՝ երեկոյան, երբ նկուղում քար լռություն էր, զարմանալիորեն «sms» հաղորդագրություն ստացավ․ եղբայրն էր, ով հարցնում էր իրենից, երեխաներից, հետաքրքրվում էր՝ արդյո՞ք բոլորը ողջ են. «Ասացի՝ «կարևորը դուք էլ ողջ եք»»։
Վալերիայի խոսքով՝ տներում սնունդը վերջացել էր։ Ում տանն ինչ կար՝ իջեցրել էին նկուղ և մի ամբողջ գիշեր լուսացրել միասին։ Հաջորդ օրը սկսվեց մղձավանջը։ Առավոտյան ադրբեջանական զորքը հասել էր Ստեփանակերտի մատույցներ։
«Լուրեր տարածվեցին, որ պիտի իջնենք օդանավակայանի տարածք։ Երեխաների կյանքը փրկելու համար ես ու ամուսինս էլ գնացինք Իվանյան, որտեղ արդեն հազարավոր մարդիկ կային։ Կեսօրին հրադադար հաստատվեց, ռուսները մեզ ասացին՝ գնացեք ձեր տները, վտանգ չկա, չեն կրակի։ Այդ օրը վերադարձանք, սեպտեմբերի 21-ին Ստեփանակերտի բնակելի տները նորից հայտնվեցին թիրախի տակ, այս անգամ փոքր տրամաչափի զենքերից էին կրակում, երիտասարդ մի կին որովայնից վիրավորում ստացավ իրենց տան բակում։ Այս ամենը տեսնելով՝ մենք ստիպված հազարավոր քաղաքացիների հետ նորից գնացինք խաղաղապահների կենտրոնակայան։ Մտքում տանն էի՝ մորս, եղբորս, քրոջս ընտանիքների մասին մի սովորական լուրի կարոտ»,- հիշում է մեր զրուցակիցը։
Սոված, մրսած, մի մասը՝ մեքենաներում, մեծ մասը դրսում կրակների շուրջ լուսացրին ևս մի ծանր գիշեր։ Վալերիան հիշում է՝ հաջորդ օրը Եվլախում հանդիպման ու արցախցիների ճակատագրի որոշման օրն էր։ Հետո բացվեց Մարտունու շրջանը Ստեփանակերտին կապող միջշրջանային ճանապարհը։ Պետք էր լքել տունը։
«Առաջին բանը, որ անցավ մտքովս, հորս գերեզմանն էր ու մորս ապրումները։ Բա մաման ո՞նց ա դիմանալու առանց պապայի գերեզմանի։ Ես ինձ անընդհատ ասում էի, որ մեզ հաղթանակ բերած հերոսներին դավաճանում ենք, ե՞րբ դարձանք այսպես թույլ, ո՞ւմ մեղքով։ Հարցերիս պատասխան չկար։ Ես հորս չեմ տեսել, նա էլ՝ ինձ։ Ես ծնվել եմ նրա զոհվելուց մի քանի ամիս հետո։ Հուշերում էինք շփվում, երազներում։ Մարդ հնարավորություն չունենա հորը հրաժեշտ տալու, արդար չէր»,- արցունքն աչքերին ասում է նա։
Վալերիան ճամպրուկների մեջ տեղավորել է երջանիկ օրերի հիշողությունները, բակից մի բուռ հող վերցրել, դուրս եկել տնից։
«Ճիշտ իմ մեջբերած խոսքերի պես, մի վերջին անգամ նայեցի տանս, որտեղ երջանիկ էի, համբուրեցի տանս դարպասը, վերջին անգամ ջրեցի ծաղիկներս ու դուրս եկա։ Թե ո՞ւր էր տանելու ճանապարհը, անորոշ էր։ Գաղթը հավասարազոր էր մահվան։ Ուզում էի մեռնեի»…
Վալերիայի ընտանիքը 3 օր Գորիսում սպասել է հայրական ընտանիքին։ «Մինչև բոլորս գտել ենք իրար, սպասումից խելագարվել էի։ Մխիթարվում եմ, որ բոլորս միասին ապրում ենք Լոռու մարզի Լեռնահովիտ գյուղում։ Հիմա այդ մի բուռ հողն ինձ ուժ է տալիս։ Այդ հողի հետ եմ զրուցում հորս հիշելիս այդ հողի առաջ մոմ եմ վառում ու աղոթում լուռ։ Դա զուտ հող չէ, ինձ համար դա իմ մի բուռ ծննդավայրն է, որ թանկարժեք իրերի փոխարեն բերել եմ Հայաստան»,- հավելում է նա:
Հունան Թադևոսյան