Ավտոտեխսպասարկման կետում պայթյունից տուժած 5 քաղաքացիների վիճակը ծայրահեղ ծանր է․ ԱՆ

Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ մայրաքաղաքի ավտոտեխսպասարկման կետերից մեկում գազի արտահոսքի հետևանքով տեղի ունեցած պայթյունից տուժած 5 քաղաքացիների վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:
Վերջիններս տարբեր աստիճանի այրվածքներով և շնչուղիների վնասվածքներով գտնվում ՀՀ ԱՆ Այրվածքաբանության ազգային կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում: Բժիշկներն անում են հնարավոր ամեն բան նրանց առողջական վիճակի բարելավման համար:
Հիշեցնենք՝ ԱԻՆ-ը հայտնել էր, որ այսօր՝ հունիսի 24-ին, ժամը 14:17-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Գլինկայի փողոցի թիվ 3 հասցեում՝ ավտոտեխսպասարման կետում, տեղի է ունեցել ավտոմեքենայի պայթյուն։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Ըստ նախնական տվյալների՝ «Toyota Camry» ավտոմեքենայում տեղի է ունեցել պայթյուն, ինչի հետևանքով տուժել է 5 քաղաքացի․ վերջիններս հոսպիտալացվել են «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ։