Երբ երկրում անկառավարելի վիճակ ստեղծվի, քաղաքական ուժերի, գործիչների կամքից անկախ, գործելու են «ջունգլիների օրենքները»

Այն դատավորները, ովքեր այսօր ակնհայտ ապօրինությունների են գնում` գործեր դակում, մարդկանց կալանքի ուղարկում կամ պարզապես քաղաքական վճիռներ կայացնում` երազելու են, որ վճռական պահին իրենց իրավական պատասխանատվության ենթարկեն: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար, Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը։
«Որովհետև որևէ մեկը չգիտի, թե Հայաստանի ներսում` խորքում, գտնվող «վառոդի տակառը» երբ կպայթի ու սա տեղի է ունենալու անկախ շատերիս կամքից:
Երբ երկրում անկառավարելի վիճակ ստեղծվի, քաղաքական ուժերի, գործիչների կամքից անկախ, գործելու են «ջունգլիների օրենքները», և դա որևէ մեկն այլևս չի կարողանալու կանգնեցնել:
Այս իշխանությունն ամեն ինչ անում է, որ քաղաքական պրոցեսները վերացվեն, իսկ սա բերելու է անկանխատեսելի գործընթացների:
Այս ամենը Արմեն Աշոտյանով, Գրիգորի Խաչատուրովով, Նարեկ Մալյանով, զոհված նահատակների ծնողներով, Մամիկոն Ասլանյանով, Տաթև Վիրաբյանով կամ արցախցի երիտասարդներով չի ավարտվելու:
Այս իշխանությունը երկիրը տանում է մի ճանապարհով, երբ մի կետում կառավարումը կորցնելու է և դեպի ձորը գնացող մեքենան առանց վարորդ խորտակման է մղվելու»,- հավելել է պատգամավորը։