Երևանում բախվել են Lexus-ն ու Mercedes-ը. վիրավորներ կան

Նոյեմբերի 26-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:55-ի սահմաններում Մամիկոնյանց և Շիրվանզադե փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ 60-ամյա Հենրիկ Ս.-ի վարած Mercedes մակնիշի և 24-ամյա Նարեկ Ն.-ի վարած Lexus մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Lexus-ի ուղևոր, Երևանի բնակիչ 21-ամյա Ռոմեն Բ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց, իսկ Mercedes-ի վարորդ Հենրիկ Ս.-ն՝ Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք: