Ողբերգության նախերգանք 

Ողբերգության նախերգանք 

Մյունխենի անվտանգության համաժողովին Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը սկանդալային ստացվեց՝ թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականության տեսանկյունից:

Ամբողջ համացանցը նախ ծաղրում էր այն հանգամանքը, որ Հայաստանի վարչապետը աշխատանքային կարևոր այս հանդիպմանը մեկնեց ամբողջ ընտանիքով՝ ուղեկցված ինքնաթիռում արված ընտանեկան լուսանկարներով:

Մյունխենում տեղի ունեցած Շոլց- Փաշինյան-Ալիև հանդիպման մասին հարուստ տեղեկատվություն չկա. իմացանք, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման մասին, որն, ըստ ամենայնի, տեղի է ունենալու երկկողմ ձևաչափով:

Սակայն Փաշինյանի մյունխենյան հանդիպումների շարքում ամենաառանցքայինը ու վտանգավորը նրա հանդիպումն էր բրիտանական MI-6-ի ղեկավար Ռիչարդ Մուրին:

Այս հանդիպման «հետքը» նկատելի էր արդեն Մյունխենի հայ համայնքի հետ Նիկոլ Փաշինյանի հանդիպմանը:
«Վաղուց եմ ասել՝ Ուկրաինայի հարցով Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցը չէ, սա մեր անկեղծ դիրքորոշումն է։ Ցավում ենք, որ չենք կարող որևէ ազդեցություն ունենալ այդ իրադրության վրա։ Ուկրաինայի ժողովուրդը մեր բարեկամ ժողովուրդն է։ Մենք երախտամոռ չենք, Ուկրաինայում հայերն իրենց լավ են զգացել»,- ասել է Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Ալմա Աթայի հռչակագիրը միայն Հայաստանի համար չէ, այլ նաև Ուկրաինայի, հետևաբար պետք է հարգվի նաև Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը։

Փաշինյանն այլևս չի թաքցնում, որ 2022-ի հոկտեմբերի 6-ի քառակողմ հայտարարությունը ոչ այնքան ԼՂ խնդրի կամ Հայաստանի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու, որքան Հայաստանի ստրատեգիական կողմնորոշումը փոխելու մասին է, որի ճանապարհին առաջինը պետք է զոհաբերվեր Արցախը:

Հայաստանն այլևս Արևմուտքի սատելիտն է: Մեկը մեկին կրկնվում է 1918-1920թթ-ի պատմությունը՝ ավելի տխուր վերջաբանի հավանականությամբ:

Վահրամ Բագրատյան