Բրյուսելյան հանդիպումն առարկայական չի լինի, քննարկվող հարցերը Ռուսաստանի տիրույթում են․ Արմեն Բաղդասարյան

Պետք չէ ակնկալիքներ ունենալ բրյուսելյան եռակողմ հանդիպումից, կոնկրետ, առարկայական արդյունքներ չեն լինի։ Այս մասին MediaHub.am-ի հետ զրույցում ասաց քաղաքական վերլուծաբան Արմեն Բաղդասարյանը՝ անդրադառնալով օգոստոսի 31-ին Բրյուսելում սպասվելիք Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելի սպասվելիք հանդիպմանը։
«Այն հարցերը, որոնք պետք է քննարկվեն սահմանազատման, սահմանագծման, ճանապարհների ապաշրջափակման վերաբերյալ առավելապես ռուսական տիրույթում են։ Ռուսաստանն էլ խանդով է վերաբերում ԵՄ-ի քայլին»,-ասաց նա։
Արմեն Բաղդասարյանի կարծիքով՝ այդ հանդիպումներն ավելի կոնկրետ, առարկայական տեսք կստանան, եթե կազմակերպված լինեն Մոսկվայում՝ ռուսական ազդեցության տակ, քանի որ ՌԴ-ն է եռակողմ հայտարության կողմ, երաշխավորն է պայմանավորվածությունների կատարման։
Քաղաքագետը հիշեցրեց, որ, օրինակ, Լաչինի միջանցքի հետ կապված Ադրբեջանը ոչ միայն փաստի առաջ է կանգնեցրել հայկական կողմին, այլև Ռուսաստանին ևս. ռուս խաղաղապահները, ըստ Եռակողմ հայտարարության, 3 տարի ժամկետով պետք է այնտեղ տեղակայված լինեին։
«Լաչինի միջանցքի հետ կապված ամեն ինչ որոշված է այն իմաստով, որ նոր միջանցքը պիտի գործի, ինչ կարգավիճակ կունենա՝ պարզ կլինի հետագայում։ Ես չեմ կասկածում, որ Ադրբեջանը այդ հարցը բարձրացնելու է, Ադրբեջանը կարող է փորձել դա փոխկապակցել իրենց ասած ՙՙԶանգեզուրյան միջանցքի՚՚ հետ։ Ակնհայտ է, որ դեռ 2-2,5 տարի Հայաստանն ու Արցախը կապված կմնան նոր միջանցքով, իսկ Ադրբեջանը Հայաստանի տարածքով միջանցք չի ստանա, ՀՀ-ով ճանապարհները կօգտագործեն, բայց չեն ունենա նույն կարգավիճակը, ինչ Լաչինի միջանցքը»,- ասաց նա։
Արմեն Բաղդասարյանը նշեց, որ ակնհայտ է ռուս խաղաղապահների տեղակայման ժամկետի ավարտից հետո Ադրբեջանը չի ցանկանալու, որպեսզի ժամեկտը երկարաձգվի։
Անի Գևորգյան