Պետք չէ այդքան մեծ նշանակություն տալ բրյուսելյան երեկվա հանդիպմանը․ Հակոբյան

Պետք չէ այդքան մեծ նշանակություն տալ բրյուսելյան երեկվա հանդիպմանը․ Հակոբյան

Կարծում եմ, որ դեռեւս որեւէ փաստաթղթի մասին խոսելը վաղ է, սակայն ցավալի է, որ Արցախը թշնամուն հանձնելու հռետորաբանություն կա արդեն։ Արցախը հայկական մնալու է այնքան ժամանակ, քանի դեռ հայերը բնակվում են այնտեղ ու պայքարելու են Արցախի հայկական մնալու համար․ MediaHub-ի հետ զրույցում այս մասին ասաց Արցախի «Արդարություն» կուսակցության համանախագահ Հակոբ Հակոբյանը։ 

Բրյուսելյան երեկվա հանդիպման ժամանակ Հայաստանը եւ Ադրբեջանը վերահաստատել են միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու հանձնառությունը։ Հյուրընկալող Շառլ Միշելը հանդիպումից հետո ընդգծեց երկու երկրների տարածքը՝ Հայաստանի 29 հազար 800 եւ Ադրբեջանի 86 հազար 600 քառակուսի կմ-ը։ Այս 86 հազար 600 քառակուսի կմ-ի մեջ մտնում է նաեւ, ըստ էության, Արցախը։ 

Հակոբյանի խոսքով՝  պետք չէ այդքան մեծ նշանակություն տալ բրյուսելյան երեկվա հանդիպմանը, ըստ նրա՝ բազմիցս նման հանդիպումներ են եղել, սա եւս ո՛չ հայկական, ո՛չ ազգային հանդիպումների շարքից է։

«Արցախի հայակական լինելու եւ հայկական մնալու հարցը՝ լինի Նիկոլ Փաշինյանը, թե այլ անձ, չի կարող լուծել։ Այլ բան է, որ Հայաստանի Հանրապետության դե ֆակտո իշխանությունները պատրաստ են Արցախը հանձնել թշնամուն եւ արդեն սկսել են այդ մասին բացեիբաց խոսել։ 30 տարի շարունակ նույնիսկ ադրբեջանցիները իրենց փաստացի տարածքը համարում էին մոտ 75 հազար քառակուսի կիլոմետր, սակայն Նիկոլ Փաշինյանը համաձայնվել է 86,600-ի»,-նշեց նա։

Փաստացի Արցախը արդեն ավելի քան 150 օր  շրջափակման մեջ է, Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետ է տեղադրված, Արցախի Կարմիր խաչը հրաժարվում է հիվանդներ տեղափոխել Հայաստան, Ալիեւը հայտարարում է, որ կա՛մ արցախահայությունը պետք է ինտեգրվի Ադրբեջանին, կա՛մ հեռանա Արցախից, Հայաստանի ղեկավարն էլ՝ լինելով Արցախի տարածքային ամբողջականության եւ անվտանգության երաշխավորը, ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, որի մեջ է մտնում նաեւ Արցախը։ Արդյո՞ք այս իրավիճակը փակուղային չէ Արցախի Հանրապետության եւ այնտեղի ժողովրդի համար, ստեղծված դրության այլընտրանքը ո՞րն է։

«Որեւէ փակուղային վիճակի մասին խոսելն ավելորդ է, նման տիպի հոխորտանքներ՝ հնչի դա Ալիեւի, թե Փաշինյանի շուրթերից, անընդունելի են եւ չեն կարող ազդեցություն ունենալ Արցախում ապրող 120 հազար արցախահայության ցանկության եւ կամքի վրա։ Անցակետ լինի, շրջափակում, գազի, թե էլեկտրաէներգիայի խաթարում՝ դրանք չեն կարող ազդել Արցախում ապրելու մեր ցանկության եւ կամքի վրա։ Արցախցին բազմիցս ցույց է տվել, որ պատրաստ է իր կոմֆորտ վիճակը զոհել հանուն իր հայրենիքի։ 2020թ․-ի նոյեմբերի 9-ից արցախցին բազմիցս ցույց է տվել, որ կարող է նաեւ ապրել այս իրավիճակում։ Դեկտեմբերից ցույց է տվել, որ կարող է ապրել առանց գազի եւ էլեկտրաէներգիայի, փակ ճանապարհներով, բայց պատրաստ չէ լքել իր հայրենիքը։ Այս հակամարտության լուծման բանալին գտնվում է Արցախում բնակվող 120 հազար հայի կամքի մեջ»,- վստահեցրեց նա։

Լիա Սարգսյան