Մոսկվայում «հիշել» էին Հայաստանի մասին 

Մոսկվայում «հիշել» էին Հայաստանի մասին 

Անցած շաբաթվա ընթացքում Ռուսաստանի ղեկավարությունը տարբեր առիթներով հիշել է Հայաստանի մասին՝ հանդես գալով տարաբնույթ հայտարարություններով:

Քաղաքացիների հարցերին պատասխանելու ձևաչափում Վլադիմիր Պուտինը դարձյալ անդրադարձել է ԼՂ խնդրին, Արցախի կորստին՝ պատասխանատվությունն ամբողջովին թողնելով պաշտոնական Երևանի վրա:

«Բարդ գործընթացներ են գնում Ղարաբաղի հետ կապված։ Բայց այդ մենք չենք հրաժարվել Ղարաբաղից։ Հայաստանն է ճանաչել, որ այն Ադրբեջանի մաս է։ Արել են դա նախաձեռնողաբար և մեզ առանձնապես տեղյակ չեն պահել»,- ասել է Ռուսաստանի նախագահը:

Անկախ այն հանգամանքից՝ ինչպես ենք վերաբերում Պուտինին, այս հարցում նա օբյեկտիվ է ու հիմնվում է բացառապես փաստերի հիման վրա:

Ռուսաստանի նախագահն, անշուշտ, նկատի ունի 2022թ-ի հոկտեմբերի 6-ի Պրահայի քառակողմ հայտարարությունը, որով Փաշինյանը ճանաչել է Արցախն ունիտար Ադրբեջանի մաս: Սա ԼՂ խնդրի պատմության շրջադարձային և ողբերգական ավարտ ունեցող էջ է, որն, ի վերջո, հանգեցրեց ԼՂ հայաթափությանը:

Ընդ որում, Փաշինյանը Երրորդ հանրապետության առաջին ղեկավարն է, որը ճանաչել է Արցախի ադրբեջանահպատակությունը, ու այս փաստն արձանագրել է ոչ միայն Պուտինը, այլ նաև ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատուն Ժոզեֆ Բորելը:

Պուտինի հրապարակային հայտարարության համատեքստում նույն օրը հայտարարություն է հնչեցրել նաև Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Մարիա Զախարովան հանդես է եկել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման շուրջ մեկնաբանությամբ: Ըստ նրա` Հայաստանը ճանաչել է ԼՂ-ն Ադրբեջանի մաս, Լաչինի միջանցքը օգտագործել է ԼՂ զենք ուղարկելու նպատակով, հայկական ԶՈւ-ն դուրս չի բերել ԼՂ-ից, սառեցրել է փոխվարչապետերի եռակողմ աշխատանքային խմբի պայմանավորվածությունների հանգելը։

Մարիա Զախարովայի պնդումների մեջ կա մանիպուլյացիայի մեծ բաղադրիչ: Սա արձանագրելն անհրաժեշտություն է, եթե, իհարկե, չենք առաջնորդվում այն պրիմիտիվ թեզով, որ Մոսկվայից հնչած ցանկացած խոսք «բարեկամական» կամ «թշնամական» է (ըստ արտաքին քաղաքական սիմպատիանների):

Պատասխանատու քաղաքական էլիտան պարտավոր է գույքագրել այն պրոբլեմները, որոնք առկա են հայ-ռուսական հարաբերություններում՝ դրանք Մոսկվայի հետ երկխոսության առարկա դարձնելու նպատակով: Եթե, իհարկե, այդ նույն էլիտան չի առաջնորդվում «Ռուսաստանը մեր միակ բարեկամն է» կամ «Ռուսաստանը մեր թշնամին է» պրիմիտիվ ընկալումներով:

Ռուսաստանը մեր դաշնակիցն է, որի շահերը պետք է հասկանալ (չշփոթել՝ անպայման ընդունելու հետ)՝ սեփական արդյունավետ օրակարգ մշակելու և հայ- ռուսական հարաբերություններում ակնկալիքների ադեկվատ նշաձող սահմանելու համար:

Մենք պետք է հասկանանք, որ Զախարովային «հայելային» պատասխան տալը ու հայ-ռուսական հարաբերությունների ճգնաժամի խորացումը միայն նոր մարտահրավերներ է ստեղծում Հայաստանի համար:

Անհրաժեշտ է ընդունել, որ հայ-ռուսական հարաբերություններում կան խնդիրներ, հասկանալ Մոսկվայի մոտիվները ու փորձել երկխոսության միջոցով երկկողմ հարաբերությունները զերծ պահել տոկսիկ բաղադրիչից:

Այլ խոսքով, անհրաժեշտ է իրավիճակի օբյեկտիվ էպիկրիզ՝ լուծումներ գտնելու համար:

Այս պնդումը ճիշտ է հատկապես այն իրողության համատեքստում, որ չնայած հայ- ռուսական հարաբերություններում առաջացած քաղաքական ճգնաժամին՝ տնտեսական երկկողմ հարաբերությունները հաջողությամբ զարգանում են, ինչի ապացույցը, թերևս, Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի շաբաթավերջի այցն էր Հայաստան՝ կոնկրետ և հուսադրող արդյունքներով:

Վահրամ Բագրատյան