Ֆրասիայի նկատմամբ հայերի վերաբերմունքը ռոմանտիկայի ժանրից է, իսկ ՌԴ-ն ռազմավարական գործընկեր է․ հայացք Ռուսաստանից

Եվ այսպես, ճանապարհեցինք 2023 թվականը՝ բարդ, հակասական, ողբերգություններով լի տարին: Ամփոփելով այն` կարող ենք ասել, որ Հայաստանը բազմաթիվ խնդիրներով է նոր տարի մուտք գործում և դրանցից մեկն այն է, որ հայ-ռուսական հարաբերություններում, մեղմ ասած, ամենը չէ, որ հարթ է ու սահուն:
Տարվա ընթացքում ականատես եղան, թե ինչպես են ՀՀ և ՌԴ տարբեր պաշտոնյաների կողմից հայտարարություններ հնչում, որոնք այնքան էլ չեն համապատասխանում դաշնակցության ոգուն, ինչպես էր Փաշինյանը հրաժարվում մասնակցել տարբեր գագաթնաժողվներին և քաղաքական միջոցառումներին ՌԴ տարածքում կամ ինտեգրացիոն այն կազմակերպությունների հետ կապված, որտեղ ներառված է Ռուսաստանը: Միակ դրականն այն է, որ տնտեսական տեսանկյունից երկու երկրները լավ համագործակցել են անցած տարվա ընթացքում՝ ԵԱՏՄ շրջանակներում։
Ինչպիսի՞ն էր տարին հայ-ռուսական հարաբերությունների համար. MediaHub-ը զրուցեց ռուս քաղաքագետ Վիկտոր Սապրիկայի հետ։
«Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության մեջ կան որոշակի խնդիրներ, որոնք կիսում են մեր երկրները։ Եթե նայենք Ռուսաստանի նկատմամբ վերաբերմունքին, երկկողմ հարաբերություններում ՌԴ-ն դեռ գլխավոր տեղն է զբաղեցնում որպես սոցիալական և ռազմավարական գործընկեր՝ զիջելով միայն Ֆրանսիային։ Բայց Ֆրանսիայի մասին խոսելիս, կարող եմ ասել, որ սա, հավանաբար, ավելի շատ Հայաստանի բնակիչների ռոմանտիկ հատկանիշն է, ովքեր նախընտրում են Ֆրանսիան, բայց ոչ թե որպես ռազմավարական գործընկեր, այլ ռոմանտիկայի շրջանակներում»,- ասաց Սապրիկան։
Ըստ ռուս քաղաքագետի` երբ խոսում ենք քաղաքական բաղադրիչի մասին, ցանկալի է, որ Հայաստանի կառավարության պաշտոնական դիրքորոշումը կառուցվի հաշվի առնելով հասարակ բնակչության կարծիքը և երկրների տնտեսական պայմանները։
Տարին նշանավորվեց Լեռնային Ղարաբաղի շուրջ ծանր իրադարձություններով: Սապրիկայի խոսքով, Ռուսաստանն առաջիններից մեկն էր, որ մարդասիրական օգնություն ցուցաբերեց.
«Բնականաբար, մենք հույս ունենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը կկարգավորվի խաղաղ ճանապարհով։ Ռուսաստանը առաջին հերթին է շահագրգռված Անդրկովկասում խաղաղության պահպանման մեջ, և հնարավորինս կփորձի օգնել Հայաստանի Հանրապետությանը՝ որպես իր ռազմավարական դաշնակցի»,- ասաց նա։
Ըստ Սապրիկայի` ռուս խաղաղապահների դերը ԼՂ-ում շատ բարձր է, այսինքն՝ խաղաղապահներն են խաղաղության բանալիn, Արցախում մնացած բնակչության խաղաղ կյանքի ապահովման համար և այն մարդկանց, ովքեր վերադառնալու են այնտեղ։
«2024 թվականին Ռուսաստանը և Հայաստանը մուտք են գործում իբրև քաղաքակրթական դաշնակիցներ»,- վստահ է նա։
«Ռուսաստանի և Հայաստանի միջև տնտեսական համագործակցությունը, հավանաբար, մեր հարաբերությունների ամենակարևոր ցուցանիշն է։ Մենք տեսնում ենք, որ Հայաստանի Հանրապետության տնտեսությունն աճել է 12 տոկոսով, մեր երկրների միջև ապրանքաշրջանառությունն աճել է, և ոչ միայն մեր երկրների միջև։ Այսինքն՝ օգտագործվում են Եվրասիական տնտեսական միության բոլոր հնարավորությունները։ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում Հայաստանի համար բացվում են նոր շուկաներ, այդ թվում՝ Բելառուսի և Ղազախստան»,- ասաց նա։
Այսինքն, շարունակեց նա, եթե խոսքը եվրասիական ինտեգրացիայի մասին է, ապա վերջին գագաթնաժողովը և ամբողջ տարվա ընթացքում տեղի ունեցած տնտեսական միջոցառումները իսկապես ցույց տվեցին երկրների միջև տնտեսական համագործակցության կարևորությունը, «իսկ դա գլխավոր առաջնահերթությունն էր, որ դրվել է Եվրասիական տնտեսական միության ինտեգրման կոնտեքստում»:
«Ստացվում է, որ մեր տնտեսական համագործակցությունը մեր երկկողմ հարաբերությունների զարգացման ամենաակտիվ ցուցանիշն է։ Բայց սա, իհարկե, ստվերվում է Հայաստանի քաղաքական իրավիճակով»,- ասաց Սապրիկան։
Նշենք, որ թեև ռուս քաղաքագետը խոսում է այն մասին, որ ռուս խաղաղապահները Արցախում խաղաղ կյանք ապահովողներն են, այդ թվում նաև այդ դեպքում, եթե հայությունը որոշի վերադառնալ հայաթափված ու Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախ։ Այդուհանդերձ ՌԴ գործընկեր Ադրբեջանը օրերս ևս մեկ անգամ հայտարարեց, որ ռուս խաղաղապահները «իրենց» տարածքում կմնան մինչև 2025 թվականը: Այսինքն՝ ըստ եռակողմ հայտարարությունում ամրագրված ժամկետի:
Մարիաննա Արամյան