Թրամփը կարող է դադարեցնել Ուկրաինային աջակցությունը Զելենսկու հետ հանդիպումից հետո

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը կարող է դադարեցնել նույնիսկ անուղղակի աջակցությունն Ուկրաինային Վլադիմիր Զելենսկու հետ ուրբաթ օրը Սպիտակ տանը կայացած բանակցություններից հետո, գրել է «The New York Times» թերթը։
Օվալաձև աշխատասենյակում ուրբաթ օրվա ելույթից հետո Թրամփի վարչակազմի պաշտոնյան ասել է, որ ամերիկացի առաջնորդը կարող է որոշել «դադարեցնել նույնիսկ անուղղակի աջակցությունը», որը ներառում է հետախուզության փոխանակում և ուկրաինացի զինվորականների վերապատրաստում։
Զինամթերքի և սարքավորումների՝ ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի կողմից հաստատված մատակարարումները նույնպես կարող են «չեղարկվել» մոտ ապագայում։
«The Wall Street Journal»-ը գրել է, որ Զելենսկու հետ բախումից հետո Թրամփը հրամայել է ազգային անվտանգության պաշտոնյաներին ստուգել՝ արդյոք Վաշինգտոնը կարող է ամբողջությամբ կամ ժամանակավորապես դադարեցնել զենքի մատակարարումը Ուկրաինային։
Թերթի տվյալներով՝ ամերիկացի առաջնորդը սպասողական մոտեցում է ցուցաբերել՝ նախատեսելով հետևել Զելենսկու հետագա գործողություններին։