Այսօր ԱԺ-ում կրկին թեժ է լինելու, ՔՊ-ական կին «առաջնորդների վոյաժները»․ Մամուլը՝ սուրճով

Այսօր ԱԺ-ում կրկին թեժ է լինելու, ՔՊ-ական կին «առաջնորդների վոյաժները»․ Մամուլը՝ սուրճով

«Հրապարակ» թերթը գրում է. «Անցած օրերին համացանցը ողողվեց ՀՀ պատգամավոր կանանց լուսանկարներով, որոնք Իսլանդիայում մասնակցում են կին առաջնորդների հերթական ֆորումին։ Ռեյկյավիկ են մեկնել ՔՊ-ականներ Տաթեւիկ Գասպարյանը, Լիլիթ Կիրակոսյանը, Արուսյակ Մանավազյանը եւ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Թագուհի Թովմասյանը:

Սակայն ԱԺ նախագահի՝ գործուղման վերաբերյալ կարգադրության մեջ Թովմասյանի անունը եւս բացակայում է: Խորհրդարանից մեր հարցմանը, թե ինչու Թագուհի Թովմասյանի անունը չկա կարգադրության մեջ, փոխանցեցին, որ անհատական հրավերներ են եղել կանանց, Թովմասյանը, ի տարբերություն իշխանականների, հարկ չի համարել ԱԺ-ին գրություն ներկայացնել` իր բացակայության եւ դրա պատճառների մասին։ Եվ չնայած այս կանայք մեկնել են անհատական հրավերներով, սակայն ՔՊ-ական կանանց գործուղման ծախսերը հոգացել է ԱԺ-ն, իսկ Թագուհի Թովմասյանն այլ միջոցների հաշվին է մեկնել:

ԱԺ-ից պարզաբանեցին, որ գործուղման «կարեւորությունը» հաշվի առնելով է ԱԺ-ն ֆինանսավորել այս «վոյաժը»․ «Եթե դրա կարեւորությունն ԱԺ-ն համարում է այնպիսին, որ անպայման պետք է ֆինանսավորի, ֆինանսավորում է»։ Մի հանգամանք էլ նկատեցինք. Թագուհի Թովմասյանը Ֆեյսբուքում իր այցի մասին գրառում է արել, որտեղ ներկայացել է որպես Մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի նախագահ»:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Այսօր ԱԺ-ում կշարունակվի ՀՀ 2024թ.-ի բյուջեի քննարկումը: Երեկ այն ընդհատվեց կառավարության հետ հարցուպատասխանով: Այսօր եւս ԱԺ-ում կլինեն Նիկոլ Փաշինյանն ու նախարարները:

Եւ հենց բյուջեի քննարկումն է պատճառը, որ այսօրվա կառավարության նիստը հետաձգվել է. սովորաբար կառավարության նիստերը տեղի են ունենում ամեն հինգշաբթի, սակայն այս անգամ այն տեղափոխվել է ուրբաթ: Նախատեսվում է, որ արդեն այսօր բյուջեի քննարկումը կընդհատվի մինչեւ դեկտեմբեր՝ ԱԺ հաջորդ նստաշրջան:

Այս ընթացքում պատգամավորներն իրենց գրավոր առաջարկները կներկայացնեն պետբյուջեի մասով, իսկ արդեն դեկտեմբերին բյուջեի նախագիծը կդրվի վերջնական քվեարկությանը:

«Փաստ» օրաթերթը գրում է. 2024 թվականի պետբյուջեի քննարկումների ժամանակ իշխանության ներկայացուցիչները պաթոսով շեշտում էին, թե բյուջեի եկամուտներն ավելացնելու են մոտ 340 միլիարդ դրամով՝ չնշելով, թե ինչի հաշվին են դա անելու: Կա տեսակետ, որ իրականում ավելացումը լինելու է, այսպես ասած, եղածի հաշվին: Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը «Փաստի» հետ զրույցում ասում է, որ դա Հայաստանի քաղաքացուն աղքատացնող քաղաքականություն է լինելու: «Այս փուլում՝ բյուջեի քննարկման ժամանակահատվածում, դեռևս չեն խոսում Հարկային օրենսգրքի փոփոխությունների մասին: Բայց դեկտեմբերի 20-ից հետո արագ ընդունելու են օրենքներ, որոնք վերաբերելու են, օրինակ՝ շահաբաժինները հարկելուն: Այժմ հարկվում և ներդրման դեպքում վերադարձվում են, այս դրույթն ուզում են չեղարկել:

Սա նշանակում է, որ շահութահարկը 18 տոկոսից դառնում է 23 տոկոս, այսինքն՝ միանգամից հինգ տոկոսային կետով հարկադրույքի բարձրացում է տեղի ունենում այն դեպքում, երբ, մասնավորաբար, Վրաստանում 17,75 տոկոս է: Այսինքն՝ տարածաշրջանում ներդրումները դիտարկելիս շատ ավելի շահութաբեր ու գայթակղիչ կլինի վրացական առաջարկը, քան հայկականը»,-նշում է Սարգսյանը՝ հավելելով, որ 2024 թ.-ին գանձվող տույժերը՝ տուգանքները, կրկնապատկելու են, ինչն իր հերթին բերելու է գնաճի՝ աշխատավարձի չբարձրացման պայմաններում: Մեր զրուցակիցը նաև անդրադառնում է կապիտալ ծախսերին՝ հատկապես ներդրումների մասով երկու թիրախային խնդիր ընդգծելով:

«Առաջինը՝ կապիտալ ծախսերը միշտ գրում են, բայց երբեք չեն կատարում, կեսից ավելին միշտ թերակատարվում է: Սա նշանակում է, որ մեր տնտեսական պոտենցիալի հնարավորությունները չենք օգտագործում:

Երկրորդ խնդիրն այն է, որ անշահութաբեր վայրերում ենք ներդրում կատարում: Վերջերս, օրինակ՝ իշխող խմբակցությունից ինչ-որ մեկը հայտարարում էր, որ 2018 թ.-ից այս կողմ պետական բյուջեն կրկնապատկել են, բայց չեն ասում, որ պետական պարտքն էլ են կրկնապատկել՝ 6 միլիարդից համարյա 12 մլրդ դարձնելով: Ո՞ւմ էր պետք մեր կրկնապատկված բյուջեն, եթե այնպիսի պարտքեր եք ներգրավում, որ այլևս չեք կարողանում փոխհատուցել: Այս բյուջեի 10 տոկոսից ավելին նորից գնալու է պետական պարտքի տարեկան սպասարկմանը, մինչդեռ կարող էինք ավելի շահութաբեր ներդրումներ իրականացնել»,-ասում է Աուդիտորների պալատի նախագահը:

«Հրապարակ» թերթը գրում է. «Ակնհայտ տարբերություն է նկատվում խորհրդարանական երկու ուժերի՝ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների մարտավարություններում։ Եթե 2021-ի ընտրություններից հետո նրանք համատեղ քննարկում էին անգամ նախագծերի քվեարկության հարցերը եւ, որպես կանոն, միասնական դիրքորոշում էին մշակում, ապա այժմ թե՛ քվեարկություններն են տարբեր, թե՛ այլ հարցերում դիրքորոշումները։

Դիցուք, տեւական բոյկոտից հետո «հայաստանցիներն» ամիսներ առաջ որոշեցին վերադառնալ եւ մասնակցել կառավարություն-ԱԺ հարցուպատասխանին, ՊՈՒ-ն դեռ շարունակում է բոյկոտը, երեկ էլ չմասնակցեցին անգամ բյուջեի նախագծի քննարկմանը, ի տարբերություն «Հայաստան» դաշինքի։

Ընդմիջման ժամին, երբ Փաշինյանն ու իր նախարարները հեռացել էին դահլիճից, Սերժ Սարգսյանի թիմակիցները մտան դահլիճ, գրանցվեցին ու հեռացան: Իսկ գրանցվեցին, որ բացակա չստանան։ Նախօրեին էլ միտումնավոր ուշ մտան դահլիճ, որպեսզի հոտնկայս հարգանքի տուրք չմատուցեն Մաթեւոս Ասատրյանի հիշատակին»:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հակակոռուպցիոն դատարանի աշխատակիցները կրկին ահազանգում են. «ՄԼ Մայնինգ» ընկերության շուրջ կրքերը չեն դադարում: Նախ՝ հիշեցնենք, որ այս ընկերությունը փոխկապակցված է ՀՀ հատուկ քննչական ծառայության աշխատակազմի նախկին ղեկավար Դավիթ Սուքիասյանի հետ: Բանն այն է, որ այս ընկերությունը լուրջ խնդիրների առջեւ է կանգնեցրել Հակակոռուպցիոն դատարանի աշխատակիցներին: Մասնավորապես, «ՄԼ Մայնինգ» ընկերության գրասենյակը գտնվում է Հակակոռուպցիոն կոմիտեի հարեւանությամբ, ընկերության մեքենաները, այդ թվում՝ բեռնատարները, երթեւեկելիս քանդում են ճանապարհները, ինչն էլ հետո դժվարացնում է այդ ճանապարհով այլ մեքենաների երթեւեկությունը:

«Ժողովուրդ» օրաթերթի կողմից արված կադրերում եւս երեւում է, որ ճանապարհին քարեր են, այն դժվարանցանելի է, եւ պատճառն էլ հենց այս ընկերության շինարարական գործընթացին մասնակից մեքենաներն են: «ՄԼ մայնինգ» ընկերության շուրջ դժգոհությունները բազմաթիվ են եւ միայն սրանով չեն սահմանափակվում: Մեզ հայտնի դարձավ, որ նոյեմբերի 3-ին ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը մերժել է «ՄԼ Մայնինգ» ընկերությանը, եւ նրանք նախարարության մերժումները վիճարկում են դատարանում:

Մասնավորապես, Շրջակա միջավայրի նախարարությունը դրական եզրակցություն չի տվել «ՄԼ մայնինգ» ընկերությանը, որ նա Արագածոտնի մարզի Արտենիի պեռլիտային ավազների հանքավայրի «Հարավ-արեւմտյան» տեղամասում արդյունահանման աշխատանքներ իրականացնի, ինչի համար «ՄԼ մայնինգ»-ը դատի է տվել նախարարությանը՝ պահանջելով դատարանին պարտավորեցնել նախարարությանը ՀՀ Արագածոտնի մարզի Արտենիի պեռլիտային ավազների հանքավայրի «Հարավ-արեւմտյան» տեղամասի արդյունահանման աշխատանքների՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվությանը դրական պետական փորձաքննական եզրակացություն տրամադրել:

«Փաստ» օրաթերթը գրում է. Մեր ունեցած տեղեկություններով, Ալավերդի համայնքում, կարծես թե, կարող են տեղի ունենալ արտահերթ ընտրություններ։ Բանն այն է, որ սեպտեմբերից սկսած համայնքում տեղի չեն ունենում ավագանու նիստերը, ինչի պատճառը ավագանու՝ «Ապրելու երկիր» խմբակցությունը լքած անդամներից մեկն է։

Ի դեպ, երեկ ևս տեղի չի ունեցել ավագանու հերթական նիստը, և եթե դեկտեմբերին էլ նախատեսվող վերջին նիստը տեղի չունենա, ապա կառավարությունը, ըստ ամենայնի, կդադարեցնի ավագանու լիազորությունները և կնշանակի արտահերթ ընտրություններ։

Հիշեցնենք, որ նախորդ տարի տեղի ունեցած ընտրությունների արդյունքում համայնքի կառավարումը ստանձնել էր «Ապրելու երկիր» կուսակցությունը (13 մանդատ), որին միացել է նաև Հայ ազգային կոնգրեսը (1 մանդատ)։