Ալեն Սիմոնյանի ռեֆերենտն օրենքի խախտմամբ աշխատանքի չի գնացել ու աշխատավարձ է ստացել

Ալեն Սիմոնյանի ռեֆերենտն օրենքի խախտմամբ աշխատանքի չի գնացել ու աշխատավարձ է ստացել

Մի քանի օր առաջ «Ժողովուրդ» օրաթերթը գրեց, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն իրեն ռեֆերենտ է նշանակել Էդգար Մուրադյան անուն-ազգանունով մի մարդու, որը աշխատանքի չի ներկայանում, բայց պարգևավճար ու աշխատավարձ ստանում է:

ԱԺ աշխատակազմից հաստատելով այդ տեղեկությունը՝ այդ հանգամանքը բացատրել էին հետևյալ կերպ, որ Էդգար Մուրադյանը հեռավար է աշխատում, այսինքն՝ աշխատանքի չի գալիս կամ գալիս է անհրաժեշտության դեպքում և իր համար առանձնացված սենյակ էլ չունի․ «Անհրաժեշտության դեպքում աշխատում է ԱԺ նախագահի աշխատակազմին հատկացված ընդհանուր աշխատասենյակներից մեկում»։

MediaHub-ի տեղեկություններով՝ հեռավար աշխատելու մասին օրենքն ուժի մեջ է մտել ավելի ուշ, քան Էդգար Մուրադյանն անցել է աշխատանքի։ Մասնավորապես, Մուրադյանն աշխատանքի է անցել 2023-ի ամռանը՝ հունիս-հուլիս ամիսներին, իսկ օրենքն ուժի մեջ է մտել աշնանը՝ նոյեմբերին։ Խոսքը օգնականներին և ռեֆերենտներին հեռավար աշխատելու հնարավորություն տվող օրենքի մասին է։ 

Ուստի համապատասխան հարցում էինք ուղարկել ԱԺ աշխատակազմի ղեկավարի անունով՝ խնդրելով տրամադրել օրենքի ուժի մեջ մտնելու և Էդգար Մուրադյանի՝ որպես ԱԺ նախագահի ռեֆերենտ նշանակվելու ամսաթվերը։

Ի պատասխան՝ ԱԺ-ից MediaHub-ին հայտնել են, որ «ՀՀ աշխատանքային օրենսգրքում հեռավար աշխատանքի վերաբերյալ փոփոխություններ կատարելու մասին» օրենքն ուժի մեջ է մտել 2023 նոյեմբերի 25-ին։

Ինչ վերաբերում է Էդգար Մուրադյանի աշխատանքի անցնելուն, ապա ԱԺ-ից ուղիղ չեն պատասխանել հարցին, այլ հղում են արել Էդգար Մուրադյանին ԱԺ նախագահի ռեֆերենտ նշանակելու մասին ԱԺ նախագահի համապատասպան կարգադրությանը։ Մենք գտանք այդ կարգադրությունը, որտեղ նշված է․ «2023 թվականի հունիսի 22-ից Էդգար ՄՈՒՐԱԴՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի ռեֆերենտ»։

Այսինքին՝ Ազգային ժողովն իր պատասխաններով հաստատել է մեր տեղեկությունը, որ Էդգար Մուրադյանն ԱԺ նախագահի ռեֆերենտ է նշանակվել ու սկսել հեռավար աշխատել մի քանի ամիս ավելի շուտ, քան հեռավար աշխատանքի մասին օրենքի փոփոխությունը մտել է ուժի մեջ։ 

Ի դեպ, Մուրադյանն ԱԺ պատգամավոր Լենա Նազարյանի օգնական Սյուզաննա Գալստյանի ամուսինն է, և, բնականաբար, ծանոթի կարգով է նշանակվել Ալեն Սիմոնյանի ռեֆերենտ։ Իսկ նշանակվելուց հետո էլ, փաստորեն, մի քանի ամիս օրենքի խախտմամբ հեռավար կարգով ռեֆերենտ է աշխատել, այսինքն՝ գործի չի գնացել և աշխատավարձ է ստացել։ Հիմա էլ արդեն անցյալ տարվա նոյեմբերից ընդունված օրենքի շրջանակներում է նույնն անում։

Վահե Մակարյան