Արցախ պետությունը պետք է գոյություն ունենա, որ վերադարձ լինի. պատգամավոր

Արցախի Հանրապետության լուծարման փաստաթուղթը ոչ մեկը չի տեսել, այն չի հրապարակվել։ Այդ փաստաթուղթը ստորագրվել է ինչ-որ իրավիճակի, որն էլ թելադրում էր դրա ստորագրումը։
Անվտանգային խնդիրներ կային և Շահրամանյանն այն ստիպված է ստորագրել։ Ժողովրդի մոտ այդ տպավորությունն էր կարծրացել, որ հունվարի 1-ին ԱՀ այլևս չի լինելու, բայց պետք է միշտ շեշտել, որ անկախ ամեն ինչից՝ Արցախի Հանրապետությունը շարունակում է գոյություն ունենալ։ Այս մասին այսօր MediaHub-ի հետ զրույցում ասաց Արցախի ԱԺ «Միասնական հայրենիք» խմբակցության պատգամավոր Սեյրան Հայրապետյանը։
Հայրապետյանը նշեց, որ արցախցիների խնդիրներով զբաղվող է պետք։ Դիտարկմանը՝ ի՞նչ պետք է անի Արցախի կառավարությունը արցախցիների համար, եթե Հայաստանի կառավարությունը զբաղվում է բոլոր հարցերով և բացի դա, Արցախի կառավարությունը որևէ լծակ չունի ՀՀ-ում, վերջինս ընդգծեց․
«Մեր հայրենակիցներն էլ տուն-տեղ կորցրած երբեմն չեն հասկանում, թե ինչ պետք է անել։ Հայաստանի իշխանությունը մերժեց Սամվել Բաբայանի այն առաջարկը, երբ վերջինս ասաց՝ մարմին ստեղծի, որը փոխադարձաբար կօգնի տվյալ աշխատանքները կատարելուն։ Իհարկե, Հայաստանը ահռելի աշխատանք է տանում, բայց երբեմն լինում են հարցեր, որ մարդիկ իրենց համար սպառիչ պատասխան չեն ստանում։ Մարդկանց հետ գործ ունենք, շատերն իրազեկված չեն ու պետք է աշխատել իրենց հետ։ Արցախի Հանրապետությունը լուծարելու իրավունք ոչ ոք չուներ, Սահմանադրությունը դա թույլ չի տալիս, այդ փաստաթուղթը իրավական որևէ հիմք չի ունեցել»,-ասաց նա։
Վերջինիս խոսքով՝ բոլոր արցախցիները երազում են վերադառնալու մասին և այս ուղղությամբ էլ պետք է քայլեր ձեռնարկել։ «Առաջարկներ պետք է ներկայացվեն, որը Արցախի կառավարությունը պետք է անի։ Ոչ ոք որպես ազգային փոքրամասնություն չի գնա, բայց պետք է խոսենք ինքնավար հանրապետություն դառնալու մասին։ Մենք խաղաղ տարբերակով վերադարձ ենք առաջարկում, մենք այդ 100-ամյա պատերազմի էջը կարող ենք փակել ու խաղաղ ապրել, բայց դրա համար պետք է Արցախի Հանրապետությունը գոյություն ունենա, որ կարողանա քայլեր ձեռնարկել»,- հավելեց արցախցի պատգամավորը։
Լիաննա Թորոսյան