MediaHub.am-ի լրագրողի ու օպերատորի գործունեությունը ՊՊԾ պետի կողմից խոչընդոտելու գործը դատարանը վարույթ է ընդունել

MediaHub.am-ի լրագրողի ու օպերատորի գործունեությունը ՊՊԾ պետի կողմից խոչընդոտելու գործը դատարանը վարույթ է ընդունել

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Տաթևիկ Մուրադյանի նախագահությամբ վարույթ է հարուցել MediaHub.am-ի լրագրող Նարե Գևորգյանի և օպերատոր Արման Ղարաջյանի մասնագիտական գործունեությունը ՊՊԾ տնօրեն Սարգիս Հովհաննիսյանի կողմից խոչընդոտելու դեպքով։ Այդ մասին MediaHub.am-ի հետ զրույցում ասաց իրավաբան Արսեն Բաբայանը։

Նա նշեց, որ այժմ դատարանը պետք է քննի MediaHub.am-ի բողոքը և որոշի՝ քրեական գործ հարուցել պարտավորեցնելո՞ւ է քննչական մարմնին, թե՞՝ մերժելու է լրատվամիջոցի բողոքը։

«Գրավոր դատաքննություն է նշանակվել, գործը քննվելու է գրավոր ընթացակարգով և նոյեմբերի 11-ին դատարանի որոշումը կհրապարակվի»,- նշեց Բաբայանը։

Իրավաբանն ասաց՝ հույսը փոքր է, որ դատարանը կբավարարի MediaHub.am-ի բողոքը՝ հաշվի առնելով, թե ով է մյուս կողմում։

«Հավանաբար դատարանը կղեկավարվի իշխանության ցուցումներով»,- նշեց Բաբայանը։

Հիշեցնենք, որ 2022 թվականի մայիսի 2-ին, Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի և Պռոշյան փողոցի հատման խաչմերուկում ՊՊԾ ղեկավար Սարգիս Հովհաննիսյանը և մի խումբ ՊՊԾ ծառայողներ առերևույթ խոչընդոտել էին MediaHub.am լրատվական կայքի ներկայացուցիչներ Նարե Գևորգյանի և Արման Ղարաջյանի մասնագիտական օրինական գործունեությունը, որի վերաբերյալ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել։

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնի ՀԿԳ ավագ քննիչը 2022 թվականի հունիսի 6-ին որոշում է ընդունել մերժել քրեական գործ հարուցելը։

Նշված որոշումը բողոքարկվել էր Երևան քաղաքի դատախազին, պահանջվել էր, որ դատախազը վերացնի քննիչի որոշումը և հարուցի քրեական գործ։ Երևան քաղաքի դատախազը, քննության առնելով բողոքը, 2022 թվականի սեպտեմբերի 12-ի որոշմամբ այն մերժել է։ Քննիչը և դատախազը համարել են, որ լրատվական կայքի ներկայացուցիչների գործունեությունն օրինական չի եղել։

Նարե Գնունի