Սևանում 50-ամյա տղամարդը սպանել է մորը

Մայիսի 6-ին, երեկոյան ժամը 9-ին մոտ, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում ստացվեց «Սևան» բժշկական կենտրոնից. հիվանդանոց էր զանգել Լճաշեն գյուղի 50-ամյա մի բնակիչ և հայտնել, թե 86-ամյա մայրը տանը հանկարծամահ է եղել:
Հաղորդումը փոխանցվեց ոստիկանության Սևանի բաժին, որտեղից էլ օպերատիվ խումբը մեկնեց նշված տուն: Իրավապահները, սակայն, դիակի դեմքին և պարանոցին հայտնաբերեցին բռնության հետքեր:
Պարզվել է, որ մայիսի 6-ին մոր և որդու միջև ծագած հերթական կենցաղային վեճի ընթացքում հենց ահազանգող 50-ամյա տղամարդն էր ծեծել ու խեղդամահ արել մորը:
Տղամարդը ձերբակալվել ու կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է Սևանի քննչական բաժին: Հանգամանքները պարզվում են:
50-ամյա տղամարդը ձերբակալվել է։
Տուժողի որդին հարցաքննվել է և տվել ինքնախոստովանական ցուցմունք:
Միջնորդություն է ներկայացվել հսկող դատախազին՝ 50-ամյա տղամարդու նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ, որը բավարարվել է, և վերջինիս մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետով: Միջնորդություն է ներկայացվել դատարան նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ։
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում.հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: