Երկու տարի անց Լիբանանի խորհրդարանը վերջապես երկրի նախագահ ընտրեց. ո՞վ է նա

Լիբանանն այսօրվանից մտավ պատմության նոր և բախտորոշ փուլ։ Խորհրդարանը զորավար Ժոզեֆ Աունին ընտրեց երկրի նախագահ։ Մինչ այդ գեներալ Աունը զբաղեցնում էր երկրի Զինված ուժերի հրամանատարի պաշտոնը։
«Գեներալ Աունը, բարեբախտաբար, ոչ մի ազգակցական կապ չունի երկրի նախկին նախագահ Միշել Աունի հետ»,- MediaHub-ին ասաց լրագրող Սագո Արեանը։
Նախագահի աթոռը 2 տարի դատարկ էր։ Ընտրությունների նախորդ 12 փորձերն արդյունք չեն տվել։
Վերջապես այդ երկիրը երկարատև զրկանքներից ու պատերազմներից հետո պարագլուխ ունի։
«Բարդ, ներքին լարումով ու երկրի հողերից ներս Իսրայելի ռազմական ներկայությամբ գտնվող այսօրվա Լիբանանը դեմ հանդիման կանգնած է մեծագույն մարտահրավերների առջև։ Ապօրինի զենքի խնդրի լուծում, տնտեսության և անվտանգային համակարգի վերակառուցում, ֆինանսական ոլորտի առողջացում ու նաև արտաքին քաղաքականության մեջ առողջ դատողություն․ ահա այս չորս հիմնարար կետերն են, որոնց համար պիտի գործի նորընտիր նախագահը, որ այս պահին ունի արտաքին կարևոր նեցուկ և աջակցություն՝ սկսած Արաբական Միացյալ Էմիրություններից մինչև հատկապես Միացյալ Նահանգներ»,- նշեց լրագրողը։
Արեանի խոսքով՝ Լիբանանի հաջողության հիմնական գրավականը պիտի մնա նախագահական համակարգի հզորացումը, բանակի ամրությունն ու ներքին քաղաքական կյանքի բարեկարգումը։
Հունան Թադևոսյան