Խրամորթի սահմանակից հատվածներում գյուղատնտեսական աշխատանքները կասեցված են․ գյուղապետ

Խրամորթի սահմանակից հատվածներում գյուղատնտեսական աշխատանքները կասեցված են․ գյուղապետ

 Իրավիճակն այս պահին Խրամորթում նորմալ է։ Այս մասին այսօր MediaHub.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղապետ Զորիկ Աբրահամյանը։

«Երեք օր է ադրբեջանական մեքենան դուրս չի գալիս, որը դուրս էր գալիս նամազի համար մուղամ միացնում, չեն գոռում գոչում, որ լքեք գյուղը։ Հիմա հանդարտվել են»,- ասաց Աբրահամյանը։

Հարցին՝ գյուղացիները կարողանում են գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնել՝ գյուղապետը արձագանքեց․

«Մասամբ կարողանում են անել, այսինքն՝ որ հատվածը սահմանին կից է, այնտեղ աշխատանքները ժամանակավորապես կանգնեցված են, բայց վարչական տարածքներում, որտեղ սահմանին կից չէ, այդտեղ գարնանացանի համար նախապատրաստական աշխատանքներ են իրականացվում»։

Հիշեցնենք, որ փետրվարի 25-ին ժամը 18:00-ին թշնամու քարոզչական մեքենան` միկրոֆոնները վրան ամրացրած, հայտարարում էր, որ գյուղը ադրբեջանական տարածք է, գյուղատնտեսական աշխատանքներ չկատարեն և լքեն գյուղը, եթե իրենց երեխաների կյանքը թանկ է իրենց համար։ Ռուս խաղաղապահների միջամտությամբ թշնամին դադարեցրել էր սպառնալիքները։