«Ցորի գործը» սառում է․ Գենադի Բաղդասարյանի նկատմամբ մեղադրանք դեռ չի առաջադրվել

«Ցորի գործը» սառում է․ Գենադի Բաղդասարյանի նկատմամբ մեղադրանք դեռ չի առաջադրվել

Մեզ թվում է, որ այս գործը սառում է, այդքան բարձրաձայնեցինք, Ջալալ Հարությունյանը մեղադրյալ ճանաչվեց, սակայն հիմա գործն առաջ չի գնում ու չգիտենք, թե պատճառը որն է։ Այս մասին այսօր MediaHub.am-ի հետ զրույցում ասաց «Ցորի» զորամասի զոհված զինծառայողներից մեկի հարազատ Անահիտ Մանասյանը։ 

MediaHub.am-ի հետ զրույցում «Ցորի» զորամասի զոհված զինծառայողներից մեկի հարազատ Եղիշե Զաքունցը փոխանցեց, որ հետևողական են լինելու, որ հրետանու նախկին պետ Գենադի Բաղդասարյանի նկատմամբ մեղադրանք առաջադրվի։ 

«Վերջին դատական նիստը տեղի չունեցավ վկաների բացակայության պատճառով։ Մեր իրավաբանը հիմա զբաղվում է այն ուղղությամբ, որ պարզի, թե Գենադին ինչո՞ւ մինչև հիմա գործում որպես մեղադրյալ ներգրավված չէ»,-ասաց նա։ 

Նշենք, որ վկաներից մի քանիսը դիրքերում են։ Անահիտ Մանասյանի խոսքով՝ ՊՆ-ի դեմ հանցագործության վերաբերյալ հաղորդում ներկայացնելու մասով էլ այս պահին դեռ նորություն չունեն։

«ՊՆ-ն կեղծ տեղեկատվություն է տարածել, որի պատճառով անդառնալի հետևանքներով դեպքերի ենք ականատես եղել։ Երեխաները զոհվել էին, բայց մեզ այդ մասին չէին ասում, դեռ մի բան էլ ՊՆ-ից ծնողներին ասել են՝ տղերքը անտառներում թաքնված են, դուրս կգան, կզանգեն, շրջափակման մեջ են, հատուկջոկատայինները կգան, կհանեն, բունկերներում են, դուրս կգան, կզանգեն։ Այսպիսի պատասխաններ են տվել տարբեր սպաներ տարբեր ծնողների, պատասխաններից և ոչ մեկը ճիշտ չէր, քանի որ տղաներն այդտեղ զոհվել էին։ Տղաների դիակները չեն գնացել ու դուրս չեն բերել, միտումնավոր, որպեսզի իրենց հանցանքը թաքցնեն։ Ես  անձամբ գեներալ-մայոր Առաքել Մարտիկյանի դեմ եմ ցուցմունք տվել՝ պատմելով, թե ինչպես եմ փորձել տեղեկություն ստանալ և ինչպիսի կեղծ տեղեկություններ է ինչ փոխանցել Մարտիկյանը»,-ասաց նա։ 

Անահիտ Մանասյանը նշեց, որ այս փուլում դեռ բոլորը լուռ են ու գործի վերաբերյալ շատ տեղեկություն չունեն և թե որն է գործի՝ տեղում դոփելու պատճառը, ոչ եք չգիտի։ 

Հիշեցնենք, որ «Ցորի գործով» 1-ին մարտկոցի հրամանատար՝ Գևորգ Գևորգյանին, մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 4-րդ մասով, առաջադրված մեղադրանքը հիմնավոր է, սակայն բավարար և ամբողջական իրավական գնահատական չի տրվել նրա գործողություններին: Ըստ ցուցմունքների՝ թշնամու կողմից հարձակման պահին զինվորներին թողել էր միայնակ և իր կաշին փրկելու համար ճողոպրել մարտի դաշտից: Արժանիորեն նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը, իսկ քրեական գործը գտնվում է դատարանում: 

Հիշեցնենք նաև, որ 44-օրյա պատերազմի ընթացքում Արցախի Պաշտպանության բանակը ղեկավարած Ջալալ Հարությունյանին երկու դրվագով առաջադրված մեղադրանքներից մեկը Ցորի զորամասի 20 հրետանավորների զոհվելու հանգամանքներին է վերաբերում։

Լիաննա Թորոսյան