«BMW»-ն կոտրել է էլեկտրասյունն ու հայտնվել ճանապարհի մեջտեղում, 3 վիրավnր կա․ Shamshyan

«BMW»-ն կոտրել է էլեկտրասյունն ու հայտնվել ճանապարհի մեջտեղում, 3 վիրավnր կա․ Shamshyan

Երեկ՝ փետրվարի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:20-ի սահմաններում Սիլիկյան թաղամասից դեպի Հարավարևմտյան թաղամաս տանող «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհի «Դեֆանս հաուզինգ» բնակելի թաղամասի մոտ «BMW» մակնիշի ավտոմեքենան, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, անցել բազալտե եզրաքարի վրայով, հարվածել ճանապարհին տեղադրված երկաթե էլեկտրասյանը, կոտրել այն, կրկին դուրս եկել երթևեկելի գոտի, բախվել բաժանարար հատվածում տեղադրված բետոնե պաշտպանիչ արգելապատնեշին ու հայտնվել ճանապարհի մեջտեղում:  

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել «Դեֆանս հաուզինգ» բնակելի թաղամասի անվտանգության աշխատակիցները, ովքեր այնուհետև ահազանգել են շտապօգնություն, ու մինչ կժամանեին շտապօգնության բժիշկները, «Դեֆանս հաուզինգ»-ի աշխատակիցները առաջին բուժօգնությունն են ցուցաբերել վիրավորներին, ապա շտապօգնության բժիշկները վիրավորներից մեկին տեղափոխել են «Աստղիկ», երկուսին՝ «Արմենիա» բժշկական կենտրոններ:  
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Արտակ Սիրադեղյանի և վաշտի հրամանատար Գևորգ Թորոսյանի գլխավորությամբ: 

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
  
Քննիչի հանձնարարականով՝ մետաղե ջարդոնի վերածված ավտոմեքենան տեղափոխվել է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք: