Երևանում Reno բեռնատարը վրաերթի է ենթարկել հետիոտնին, որին օգնության են հասել գեղեցկության սրահի աշխատակիցները

Երևանում Reno բեռնատարը վրաերթի է ենթարկել հետիոտնին, որին օգնության են հասել գեղեցկության սրահի աշխատակիցները

Այսօր վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:20-ի սահմաններում Երևանի բնակիչ 58-ամյա Սամվել Շ.-ն իր վարած Reno մակնիշի ավտոմեքենայով Շիրակի փողոցի թիվ 15 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտնին:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, իսկ վիրավորին առաջինը օգնության են հասել դեպքի վայրի հարևանությամբ գործող գեղեցկության սրահի աշխատակիցները, ու մինչ օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների խումբը կգար, նրանք վիրակապել են վիրավորին, որից հետո ժամանած բժիշկները նրան տեղափոխել են Շենգավիթ բժշկական կենտրոն:

Վրաերթի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վիրավորի ինքնությունը:

Տեղում վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:

Վրաերթի վայրում բնակվող մեծ թվով քաղաքացիներ ասում էին, որ այս փողոցում բեռնատարների մասնակցությամբ հաճախակի են լինում վրաերթեր ու ավտովթարներ, քանի որ այս նեղլիկ ճանապարհով են բեռնատարները գնում մաքսային պահեստ (Կարգո), իսկ կառավարությունը եթե բարի կամք դրսևորի, արդեն ժողովրդի կողմից չարաբաստիկ «Կարգո» անունը ստացած հիմնարկը կտեղափոխեն այլ վայր, և այդ ժամանակ հաստատ բեռնատարների մասնակցությամբ վրաերթերի ու վթարների՝ այդ թվում՝ մահվան թիվը կնվազի: