Խոպանից եկած գումարները նվազել են, Ozon-ով գնումները 1 ամսից ավել տեղ չեն հասնում. Մամուլը՝ սուրճով

«Հրապարակ» թերթը գրում է․
Դեռ անցած տարեվերջին համառ լուրեր էին շրջանառվում, որ ՔՊ-ական իշխանությունը որոշել է չսպասել հերթական ընտրություններին, այլ ուզում է նախ Սահմանադրություն փոխել, ապա արտահերթ ընտրություններ անել, քանի դեռ նոր ընդդիմություն չի ձեւավորվել։
Սակայն իշխանության կատարած հաշվարկների արդյունքում ՔՊ-ում, մեզ հասած տեղեկություններով, հետ են կանգնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ անելու մտքից, որը նեղ շրջանակում քննարկում էին վերջին ամիսներին։ Իշխանական թիմում եկել են եզրակացության, որ հաղթելը բավականին բարդ է լինելու, եւ այս կասկածները նրանց սիրտը սողոսկել են Երեւանի ավագանու ընտրություններից հետո:
ՔՊ-ում կասկած չունեն, որ համապետական ընտրություններին գրեթե նույն ճակատագրին են արժանանալու, ուստի պետք է գնալ հերթական ընտրությունների եւ այս երկամյա ժամկետն օգտագործել վարկանիշ բարձրացնելու համար։ Իշխանական թիմի ներկայացուցչի կարծիքով, թերեւս նաեւ սրանով է պայմանավորված հակառուսական այս հիստերիան եւ դեպի Եվրոպա վիրտուալ «ուղեւորությունը»։
Արցախի կորստից հետո ՀՀ բնակչության մեծ մասը հիասթափված է Ռուսաստանից, ուստի հակառուսական քաղաքականությունը կարող է վարկանիշ բարձրացնել։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․
«Ժողովուրդ» օրաթերթը տեւական ժամանակ է՝ քաղաքացիներից բողոքներ է ստանում, որ Ozon ռուսական առցանց առեւտրի հարթակի միջոցով պատվերներ գրանցելուց եւ վճարում կատարելուց հետո գրեթե մեկ ամիս է անցել, սակայն դեռեւս պատվերի առաքում տեղի չի ունեցել։
Խնդիրը լուծելու նպատակով քաղաքացիները դիմել են Ozon-ի առաքման կետեր, սակայն որեւէ բացատրություն ուշացման պատճառների եւ առաքման մոտակա ժամկետների վերաբերյալ չեն ստացել։
Ստեղծված իրավիճակի շուրջ պարզաբանում ստանալու նպատակով «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց կապ հաստատել Ozon-ի գրասենյակային ներկայացուցիչների հետ, սակայն նրանք ողջ օրը այդպես էլ չարձագանքեցին մեր հեռախոսազանգերին։ Այցելեցինք Երեւանի Աջափնյակ վարչական շրջանում գտնվող սպասարկման կերտերից մեկը, որպեսզի տեղում զրուցենք ղեկավարներից որեւէ մեկի հետ։ Այնտեղ էլ մեզ փոխանցեցին, որ իրենք եւս չեն կարողանում որեւէ մեկի հետ կապ հաստատել եւ միայն որոշ խոսակցություններից տեղեկացել են, որ բեռնափոխադրող մեքենաներն այժմ գտնվում են Հայաստանի սահմանին, եւ կան որոշակի խոչընդոտներ, ինչի պատճառով չեն կարողանում մուտք գործել մեր երկրի տարածք։
Հիշեցնենք, որ դեռեւս նախորդ տարվա հուլիսին Ozon-ը Երեւանում գործարկել էր տեսակավորման կենտրոն, եւ այսօր արդեն Երեւանում գործում են պատվերների ստացման բազմաթիվ կետեր։ Արի ու տես, որ էլի քաղաքացու հարցերը մնում են անպատասխան, քանի որ պատասխանատուները «թռել են», իսկ քաղաքացիները՝ խաբվել։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․
«Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներից տեղեկացավ, որ արտերկրից դեպի ՀՀ փոխանցվող դրամական միջոցների զուտ ներհոսքը 2023թ. հունվար-դեկտեմբերին, նախորդ տարվա համեմատ, եղել է ցածր մակարդակում:
Նկատենք, որ 2023 թվականին բանկային համակարգի միջոցով դեպի Հայաստան փոխանցված գումարների զուտ ներհոսքը (ներհոսքի եւ արտահոսքի տարբերությունը) կազմել է 1.7 մլրդ ԱՄՆ դոլար, որն էականորեն ավելի ցածր է նախորդ տարվա 2.6 մլրդ ԱՄՆ դոլարից:
Հատկանշական է, որ զուտ ներհոսքի նվազումը հիմնականում պայմանավորված է ՀՀ-ից արտահոսքի աճով, որի ծավալը 2023 թվականին կազմել է շուրջ 4.0 մլրդ ԱՄՆ դոլար՝ 2022թ. 2.6 մլրդ դոլարի համեմատ աճելով շուրջ 55.0%-ով, մինչդեռ ներհոսքը նույն ժամանակահատվածում աճել է ընդամենը 9.7%-ով՝ կազմելով 5.7 մլրդ ԱՄՆ դոլար՝նախորդ տարվա 5.2-ի դիմաց: