Ինչպե՞ս է երեկ ՔՊ-ականի կողմից ծեծված երիտասարդը․ մանրամասներ

MediaHub.am-ը երեկ գրել էր, որ Թալին խոշորացված համայնքի Արագածավան գյուղի ՋՕԸ վերահսկողության պետ ՔՊ-ական Սուրեն Թորոսյանը ծեծի է ենթարկել գյուղի երիտասարդ բնակիչ Արմեն Սահակյանին, որի մոտ ախտորոշված է էպիլեպսիա հիվանդություն։ Միջադեպը հրահրել է Արագածավանի բնակիչների զայրույթը, վերջիններս փակել են Գյումրի-Երևան ավտոճանապարհը։
Ավելի ուշ էլ գրել էինք, որ Թորոսյանը ձերբակալվել է։
Քիչ առաջ մենք կապ հաստատեցինք Արագածավանի վարչական ղեկավար Արթուր Նազարյանի հետ, որը MediaHub-ին հայտնեց, որ գյուղի բնակիչները բացել են ճանապարհը, քանի որ ինքն անձամբ խոստացել է՝ հետևողական է լինելու, որ այս ամենն ունենա իրավական հետևանք։
«Ես այցելել եմ երեխային, նրա վիճակը լավ է։ Տղան տանն է գտնվում»,- ասաց Արագածավանի վարչական ղեկավարը։
Տղային վերաբերող այլ հարցերի համայնքի ղեկավարը չպատասխանեց։
Ինչ վերաբերում է տեղի ունեցածի վերաբերյալ իր գնահատականին, ապա Արթուր Նազարյանն ասաց, որ դեպքի մանրամասներին ծանոթ չէ, գուցե ՋՕԸ վերահսկողության պետն իր աշխատանքն անելիս է եղել։
Ճշտող հարցին, թե այսինքն՝ կարող ենք ենթադրել, որ որևէ պարագայում իր համար Սուրեն Թորոսյանի պահվածքը կարող է ճիշտ լինել, Արագածավանի վարչական ղեկավարն արձագանքեց, որ իրեն ճիշտ չենք հասկացել։
Բայց և այնպես, Արթուր Նազարյանը խուսափեց բառացի ասել, որ դատապարտում է ՔՊ-ականի վարքը։ Միայն մեր հարցին, թե արդյո՞ք բռնությունը կարող է արդարացում ունենալ, նա պատասխանեց․
«Ոչ մի պարագայում ծեծն ընդունելի չէ»։
Նարե Գնունի