Ալեն Սիմոնյանն իրեն փոխարինող է գտել

Ալեն Սիմոնյանն իրեն փոխարինող է գտել

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հրաման է ստորագրել, որով ԱԺ նախագահի պարտականությունները ժամանակավորապես կկատարի փոխնախագահ Հակոբ Արշակյանը։

Հրամանում, մասնավորապես, ասված է․ «Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով եւ հաշվի առնելով Ազգային ժողովի նախագահի 2024 թվականի ապրիլի 9-ի Կ-99-Ա եւ Կ-100-Ա կարգադրությունները՝ կարգադրում եմ. 2024 թվականի ապրիլի 16-23-ը Ազգային ժողովի նախագահի պարտականությունների ժամանակավոր կատարումը հանձնարարել Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանին»։ 

Ինչպես հասկացանք ԱԺ նախագահի նախորդ կարգադրությունից, Ալեն Սիմոնյանը այդ օրերին մեկնելու է Պալմա, ուստի իր փոխարեն տեղակալն է կատարելու պարտականությունները։

Համաձայն այդ կարգադրության՝ Եվրոպական միության անդամ պետությունների խորհրդարանների ղեկավարների համաժողովին մասնակցելու համար 2024 թվականի ապրիլի 20-23-ը Պալմա (Իսպանիայի Թագավորություն) կգործուղվեն Ազգային ժողովի նախագահի գլխավորած պատվիրակությունը հետեւյալ կազմով՝ Ալեն Սիմոնյան, Ազգային ժողովի նախագահ 
Արման Եղոյան, Ազգային ժողովի եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ 
Թագուհի Ղազարյան, Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ 
Աշխեն Հայրապետյան, Ազգային ժողովի նախագահի խորհրդական Նելլի Ղուլյան, Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Տիգրան Սեյրանյան, Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Ալեքսանդր Մխիթարյան, Ազգային ժողովի աշխատակազմի արարողակարգի վարչության պետ Արման Մկրտչյան, Ազգային ժողովի աշխատակազմի արարողակարգի վարչության այցերի եւ ընդունելությունների կազմակերպման բաժնի գլխավոր մասնագետ (ապրիլի 17-23-ը) Դավիթ Հակոբյան, Ազգային ժողովի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի եւ հաղորդակցության վարչության լրատվության արտադրության բաժնի լուսանկարիչ-օպերատոր Հրայր Քալաշյան, Ազգային ժողովի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի եւ հաղորդակցության վարչության լրատվության արտադրության բաժնի հեռուստաօպերատոր: 

Վահե Մակարյան