Հակոբ Ասլանյանի համար «ձախորդ օրերը ձմռան նման» դեռ չեն անցել, քանզի ձմեռը դեռ նոր է սկսվել 

Հակոբ Ասլանյանի համար «ձախորդ օրերը ձմռան նման» դեռ չեն անցել, քանզի ձմեռը դեռ նոր է սկսվել 

Հովիկ Աղազարյանի ճակատագրին արժանացած Հակոբ Ասլանյանը, որ վերջերս Աղազարյանի պես հեռացվեց ՔՊ խմբակցությունից, ուխտել է առաջիկա օրերին հարցազրույց չտալ և իր հետ կապված որևէ բան չմեկնաբանել։

Նշենք, որ Հովիկ Աղազարյանի կողմից իբրև թե պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների արտահոսք կազմակերպելու մեղադրանքով Հակակոռուպցիոն կոմիտեն արդեն իսկ քրեական վարույթ է նախաձեռնել, և մեզ հետաքրքրում էր՝ Հակոբ Ասլանյանը մտավախություն չունի՞, որ իր նկատմամբ էլ այդպիսի գործընթացներ կսկսվեն։ Բայց Ասլանյանը MediaHub-ի հարցին ի պատասխան նշեց, թե մեկնաբանություն չունի։

«Ես էն առաջին օրվանից ասել եմ, որ ոչ մի մեկնաբանություն չեմ տալիս, ոչ մի հարցազրույց չեմ տալիս, խնդրում եմ հանգիստ թողնել ինձ»,- ասաց Հակոբ Ասլանյանը։ 

-Բայց Դուք ասել էիք՝ գնում եք արդարության հետևից, բա որ արդարադատությունը գա Ձեր հետևից, ի՞նչ եք անելու։

 -Ես ասացի, որ ես ասել եմ՝ առայժմ ոչ մի մեկնաբանություն չեմ տալիս, հարցազրույց չեմ տալիս։ 

-Դա Ձե՞ր որոշումն է, թե՞ Ձեզ հորդորել կամ արգելել են խոսել։ 

-Միմիայն իմ որոշումն է։ 

-Կողքից, կարծես, Հովիկ Աղազարյանի ձայնն է լսվում, միասի՞ն եք։ 

-Կարևոր չի դա։ Ասացի՝ չխոսելը իմ որոշումն է, միմիայն իմ որոշումը։ Կարծեմ՝ Դուք պետք է լսած լինեիք, որ ես ասել եմ՝ «առաջիկա օրերին ես ոչ մի մեկնաբանություն և ոչ մի հարցազրույց չեմ տալու»։

-Բայց այդ «առաջիկա օրերը» դեռ չե՞ն անցել։ Մեզ թվաց՝ անցել են արդեն։ 

-Առաջիկա օրերը դեռ չեն անցել, դրանք մինչև Նոր տարի էլ չեն անցնի։ 

-Իսկ ինձ թվում էր, թե «ձախորդ օրերը ձմռան նման կուգան ու կերթան»։ 

-Բայց ձմեռը նոր է սկսվել։ Ձմռան նման, երբ որ ձմեռը գա, անցնի, մենք էլ կարող ենք ասել․․․ 

Վահե Մակարյան