Ըստ Դումանյանի՝ դիմորդ չունեցող ֆակուլտետները պետք է փակել

 

Օգոստոսի 23-ին լող սպորտաձևով «Վարչապետի գավաթ կանենք»։ Այդ մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը։

Նրա խոսքով՝ լողի հետ կապված խնդիր ունենք, ուստի, պետք է այդ սպորտաձևը մասսայական դարձնենք։ «Դրա համար պետք է լողավազաններ բացենք»,- ասաց Դումանյանը։

ԿԳՄՍ նախարարը, բացի լողի կարևորության մասին հարցից, անդրադարձավ նաև բուհերում ընդունելության մակարդակի խիստ ցածր լինելուն։ «Այս տարի մենք ունեցել ենք շուրջ 21 000 շրջանավարտ։

Այս տարի հայտարարագրված տեղերի քանակը բուհական համակարգում եղել է 23 000-ից ավելի։ Այդ հայտարարագրված տեղերից շուրջ 7 000-ը բաժին է հասել մասնավոր բուհերին։ Այդտեղ ընդունվել է ընդամենը 131 հոգի։ Մասնավոր բուհերին այս տարի տրամադրվել է ինը անվճար տեղ, լրացվել է մեկ տեղը։ Պետական և մասնավորներ բուհեր, ընդհանուր առմամբ, ընդունվել է 9 729 ուսանող։ Մենք մտածում ենք, որ հաջորդ տարի հայտարարագրման թվերը լինեն իրատեսական, որ հետո էլ չասեն՝ վայ, էսքան տեղ թափուր մնաց»,- նկատեց Դումանյանը։

Ըստ նրա՝ այլ խնդիր է, որ որոշ մասնագիտություններ ընդհանրապես դիմորդ չեն ունեցել։

«Սա էլ նշանակում է, որ այդ մասնագիտությունները պետք է վերանայվեն, իմաստը ո՞րն է, որ այդ բաժինները բաց մնան, եթե դիմորդ չկա»,- նշեց նա։ ԿԳՄՍ նախարարը տեղեկացրեց նաև, որ այս տարի սահմանամերձ և ոչ սահմանամերձ համայնքների մի քանի դպրոցում վրացերեն կդասավանդվի։

Մանրամասները՝ տեսանյութում։