Փաշինյանը պետք է սահմանափակի աշխարհաքաղաքական բնույթի հայտարարությունները. հայացք Մոսկվայից

Փաշինյանը պետք է սահմանափակի աշխարհաքաղաքական բնույթի հայտարարությունները. հայացք Մոսկվայից

Նիկոլ Փաշինյանի արևմտյան հարթակներում հանդիպումներն ու ելույթները մշտապես ուղեկցվում են հակառուսական հայտարարություններով: Մյունխենում ասածն ու արածը բացառություն չեն. հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը Փաշինյանը հերթական անգամ կրկնել է, որ Ուկրաինայի դեմ պատերազնում Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցը չէ. «Վաղուց եմ ասել՝ Ուկրաինայի հարցով Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցը չէ, սա մեր անկեղծ դիրքորոշումն է»: 

Նա նշել է, որ Ուկրաինայի հարցում հայկական կողմի ընկալումն այն է, որ Ալմա Աթայի հռչակագիրն է անկախությունները ճանաչելու, տարածքային ամբողջականությունները ճանաչելու հիմքը։ «Մեր տրամաբանությամբ նույնը պետք է գործի նաև Ուկրաինայի պարագայում, որովհետև այդ թուղթը վերաբերում է բոլորիս: Եվ եթե դա քանդում ենք, ուրեմն քանդում ենք ամեն ինչ»,- ասել է նա: 

Ինչպե՞ս Փաշինյանի այս հայտարությունները կազդեն Ռուսաստանի և Հայաստանի առանց այդ էլ լարված հարաբերությունների վրա․ այս հարցի շուրջ MediaHub-ը զրուցեց ռուս քաղաքագետ Վիկտոր Սապրիկայի հետ։ Վերջինիս համար այս ամենը շատ տարօրինակ է։

«Եթե մենք ռազմավարական դաշնակիցներ ենք, ապա դա ամրագրված է մեր պայմանագրերում՝ ոչ միայն Եվրասիական տնտեսական միության, այլեւ ՀԱՊԿ-ի։ Այսինքն՝ սկզբունքորեն պարզ է, որ նման հայտարարությունները, հավանաբար, պետք է դատապարտված լինեն, կամ եթե արվում են, ապա ավելի թեթեւ ձևով և ունենան ավելի դիվանագիտական բնույթ։ Քանզի եթե խոսքը Ռուսաստանի և Հայաստանի դաշնակցային հարաբերությունների մասին է, ապա Ռուսաստանը փորձում է կատարել իր դաշնակցային պարտավորությունները»,- ասաց քաղաքագետը։

Ըստ նրա՝ հարցումները ցույց են տվել, որ Հայաստանի բնակչության գրեթե 66%-ը չի վստահում Նիկոլ Փաշինյանին։ Սա հուշում է, ասաց Սապրիկան, որ նմանատիպ հայտարարությունները պետք է ավելի դիվանագիտական բնույթ ունենան և արտահայտեն Հայաստանի ողջ բնակչության կարծիքը։ 

«Եթե նա վարչապետ է, եթե նա ազգի ղեկավար է, ապա նման հայտարարությունները մի կողմից խարխլում են մեր ռազմավարական համագործակցությունը, իսկ մյուս կողմից հստակ ազդակներ են պարունակում, ուղղված Արևմուտքին։ Թե որքանով Փաշինյանի հայտարարությունը կազդի մեր հետագա հարաբերությունների վրա, շատ դժվար է ասել։ Բայց հարց է ծագում՝ ինչո՞ւ անընդհատ սրել իրավիճակը, երբ կան կոնկրետ դրական կողմեր։ Օրինակ՝ մենք տեսնում ենք, թե որքան տնտեսական աճ ունենք»,- ասաց Սապրիկան։

Մեր զրուցակիցը հիշեցրեց, որ Հայաստանն ու Ռուսաստանը աճ ունեն թե՛ ներդրումային, թե՛ արդյունաբերական համագործակցության ոլորտում։ Հիշեցրեց՝ ՌԴ-ն Հայաստանի կարևորագույն տնտեսական գործընկերներից է։ Այսինքն, ըստ Սապրիկայի, նման քաղաքական հայտարարությունները կարող են բերել նրան, որ հարաբերությունները վատանան։

«Եթե մենք ցանկանում ենք երկարաժամկետ տնտեսական հարաբերությունները պահպանել, ինչպես Փաշինյանը հայտարարեց  ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի հերթական նիստի ժամանակ, ապա պետք է սահմանափակել աշխարհաքաղաքական բնույթի հայտարարությունները, որոնք իմիջի կորուստ են պատճառում դաշնակից Ռուսաստանին»,- եզրափակեց քաղաքագետը։

Նշենք, որ Փաշինյանի հայտարարությունները մեկնաբանել են Կրեմլում: Մասնավորապես, ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել է, որ Ռուսաստանի և Հայաստանի դիրքորոշումներն Ուկրաինայի հարցում տրամագծորեն տարբեր են:  

«Իսկապես, մենք տրամագծորեն հակառակ տեսակետներ ունենք այն ամենի վերաբերյալ, ինչ տեղի է ունենում Ուկրաինայում, դա գաղտնիք չէ», - ասել է Պեսկովը:

Մարիաննա Արամյան