ԱՄՆ-ում զոնդ կստեղծեն՝ Լուսնի ուղեծրից այն կողմ պարեկություն անելու համար

«Ռոսկոսմոս» ընկերությունը մտադիր է իր ուշադրությունը ուղղել ռազմական եւ երկակի նշանակության արբանյակների ստեղծման վրա, իսկ Միացյալ Նահանգները անկեղծորեն խոսում է ամբողջ մերձերկրյա տարածությունում, ներառյալ Լուսնի ուղեծրից այն կողմ, պարեկություն սկսելու ծրագրերի մասին, գրում է 3dnews.ru-ն՝ հղում անելով space.com-ին։
ԱՄՆ ռազմաօդային ուժերի հետազոտական լաբորատորիան (AFRL) նախաձեռնում է Cislunar Highway Patrol System (CHPS) ծրագրի մեկնարկը, հայտնել են աղբյուրները: Ծրագրի շրջանակում անհրաժեշտ կլինի մշակել զոնդի նախագիծ՝ Լուսնի ուղեծրի շրջանից դուրս եկող արտաքին տիեզերքում պարեկություն անելու համար: AFRL-ի մասնագետները մինչեւ մարտի 21-ը առաջարկներ կհավաքեն ընկերություններից եւ ակադեմիական հաստատություններից, իսկ մրցույթի հաղթողները հուլիսին հայտնի կդառնան։
«ԱՄՆ տիեզերական ուժերը երաշխավորում են տիեզերքի խաղաղ յուրացումը՝ ապահովելով մեր առաքելությունների անվտանգությունն ու պահպանվածությունը այս հեռավոր սահմաններում»,- ասվում է ծրագրի հայտարարության մեկնաբանությունում։