Երկնքից կրակ էր թափվում․ ազգակից 4 եղբայր զոհվել են միևնույն դիրքում

Երկնքից կրակ էր թափվում․ ազգակից 4 եղբայր զոհվել են միևնույն դիրքում

«Մարտունու մեր բակից պարզ երևում էր դիրքերի կռիվը։ Կրակ էր թափվում երկնքից։ Հիմնական հրթիռակոծությունը հենց 322 մարտական դիրքի ուղղությամբ էր, որտեղ որդիս էր՝ Նելսոնը»,- MediaHub-ի հետ զրույցում պատմում է Արեգա Պողոսյանը։

Նրա խոսքով` այդ ժամանակ ամբողջ բնակչությունը գտնվում էր ապաստարաններում, ինքն անհանգիստ է եղել, թեպետ վտանգավոր է եղել, ոչ մի նկուղ չի մտել, հետևել է Մարտունու բարձունքներում ընթացող կռիվներին։ 

«Այդ դիրքը «Կոհակների յալ» է կոչվում, եղբորս տղան էլ էր եղել այդտեղ, նա վիրավորում էր ստացել, բայց մարտերը շարունակել էին մինչև վերջ, մինչև մահ»։

Նելսոնի հայրը՝ բերդաշենցի Համո Պողոսյանը, զոհվել էր արցախյան առաջին ազատամարտում՝ 1992-ին։ Հետևելով հոր օրինակին` ինքն էլ մասնակցել է Արցախի պաշտպանության համար մղված մարտերին։ Սեպտեմբերի 15-ը Նելսոնի վերջին հերթափոխն էր: Մայրն ասում է, որ ինչպես միշտ լավ տրամադրությամբ է գնացել, չնայած որ իրավիճակն այդ օրերին լարված է եղել։ 

«Նելսոնից բացի մի աղջիկ ունեմ ու թոռներ, ուրիշ ոչինչ։ Այնտեղից զանգել ու հարցնում էր բոլորից։ Վերջին անգամ էլ զանգել ասել է, որ ամեն ինչ նորմալ է իր մոտ։ Պատերազմը հանկարծակի սկսեց, այսինքն մենք գիտեինք, որ լարվածություն կա, բայց չգիտեինք, որ այդպես միանգամից կսկսի և որ դիրքերից բացի նաև Մարտունու ու մյուս գյուղերի վրա կկրակեն։ «Կոհակներ» բարձունքի ուղղությամբ մարտերը մյուս դիրքերի համեմատ ավելի թեժ էին։ Դիրքը եթե հաջողեին գրավել, ապա Մարտունին կընկներ, և միայն Աստծուն է հայտնի թե ինչ կլիներ խաղաղ բնակչության հետ, եթե ադրբեջանցիները մտնեին քաղաք»,- ասաց Արեգա Պողոսյանը՝ նշելով, որ քաղաքի վրա հրթիռակոծության ժամանակ խաղաղ բնակիչներ են զոհվել։ 

Արեգան Մարտունուց հետևում էր որդու դիրքի հրետակոծությանը․ «սիրտս ահավոր անհանգիստ էր, զգում էի, որ կորուստն այս պատերազմում էլ մեր ընտանիքը չի շրջանցի»-ասում է, բայց մտքով չէր անցել, որ «Կոհակներ» բարձունքում հերոսկան պատմություն է գրվում։ 12 հոգանոց դիրքի մի մասը վիրավորվել էր, մի քանի հոգի զոհվել, մինչև զինադադարը՝ այդտեղ 4 հոգով են մարտ վարել, այդ թվում՝ քաղաքապետ Ազնավուր Սաղյանը։ 

«Երեկոյան արդեն նկուղում էի։ Բոլորս լացում էինք մեր անօգնական վիճակից, դիրքերից մեզ հասնող լուրերից։ Ով դրսից մտնում էր նկուղ, մի վատ լուր էր բերում, լացը չէր դադարում։ Հետո այդ ձայնն ավելի բարձրացավ, ես լսեցի Նելսոնի, հետո արդեն Արաբոյի ու Նվերի, ավելի ուշ նաև Ազնավուրի անունները, բոլորը եղբայրներ են։ Ազգակցական 4 եղբայր զոհվել են նույն դիրքում, Մարտունին պաշտպանելիս»։ 

Նելսոնը պետք է հուղարկավորվեր Մարտունիում։ Գերեզմանափոսն արդեն փորված էր, պսակները պատրաստ։ Հուղարկավորման օրը, սակայն, նրա դին հնարավոր եղավ այլ մեքենայով տեղափոխել Հայաստան և հուղարկավորել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում։ 

«Ամենադժվարը Մարտունին լքելն էր, այն Մարտունին, որի պաշտպանության համար կյանքեր զոհվեցին։ Բեռնատարներով երեխաներ, կանայք ու ծերեր, դատարկ, առանց որևէ առանձնահատուկ բան վերցնելու լքեցինք մեր տները։ Մեր այդ վիճակին ադրբեջանցիները կանգնեցնում էին մեքենաները, ստուգում, ծիծաղում մեր որբության վրա հետո ճանապարհում»։

Արեգա Պողոսյանն այժմ ապրում է դստեր ընտանիքի հետ։