Ինչպես Մանվել Բադալյանը ներեց «բարոյազուրկներին», կամ ինչպես ՔՊ-ն խնայեց ընդդիմության թեկնածուին

Ինչպես Մանվել Բադալյանը ներեց «բարոյազուրկներին», կամ ինչպես ՔՊ-ն խնայեց ընդդիմության թեկնածուին

Այսօր խորհրդարանում Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի թեկնածուի ընտրության վերաբերյալ քննարկումն անցավ առանձնակի ջերմ և կառուցողական մթնոլորտում։

Թեկնածուն Մանվել Բադալյանն էր՝ հին «նախկինական», որը նախորդ իշխանության օրոք երկար տարիներ զբաղեցնում էր Քաղծառության խորհրդի նախագահի պաշտոնը։ 

Չնայած նրան, որ Բադալյանը ներկայացվել էր ընդդիմության կողմից, բայց հավանության արժանացավ նաև իշխանության կողմից։ ՔՊ-ականները ակնհայտ բարեհաճ և դրական էին տրամադրված Բադալյանի նկատմամբ, դեռ չընտրված՝ արդեն հաջողություններ էին մաղթում նրան ու այնպես էին խոսում, ասես՝ արդեն ընտրվել է։ Անգամ Բաբկեն Թունյանը դրվատանքով արտահայտվեց բազմամյա փորձ ունեցող Մանվել Բադալյանի հասցեին։ Պարզ էր, որ ՔՊ-ն կողմ է քվեարկելու նրա թեկնածությանը, ինչի մասին վերջում հայտարարեց խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։ 

Իսկ ինչո՞ւ էր ՔՊ-ն այդքան բարեհաճ ու կառուցողական Մանվել Բադալյանի նկատմամբ, այլ կերպ ասած՝ ինչո՞ւ ՔՊ-ն այս անգամ խնայեց Մանվել Բադալյանին՝ այն դեպքում, երբ երեկ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թեկնածու, հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանին բառի բուն իմաստով նվաստացրեց, նրան արհեստականորեն գցեց ընդդիմության գրպանը, թեպետ նա ինքնառաջադրված թեկնածու էր, իսկ վերջում ուղղակի արհամարհեց և չմասնակցեց քվեարկությանը՝ մերժելով Հարությունյանի թեկնածությունը։

Չմոռանանք նաև, որ Մանվել Բադալյանից առաջ իշխանությունն արդեն հասցրել էր երկու անգամ մերժել դարձյալ ընդդիմության կողմից Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի թեկնածու առաջադրված Անահիտ Սարգսյանին։ ՔՊ-ականները հարձակվել էին ընդդիմության թեկնածուի վրա՝ հիշեցնելով նրա ընդդիմադիր հայացքներկ մասին, նրա ֆեյսբուքյան գրառումներն էին երեսով տալիս ու շատ կոպիտ, սանձարձակ պահվածք էին ցուցաբերում կնոջ նկատմամբ։ Իսկ Բադալյանին այսօր ոչ միայն խնայեցին, այլև գովեցին, դրվատեցին և խոստացան կողմ քվեարկել։ 

Մինդչեռ, Մանվել Բադալյանը պակաս ընդդիմադիր չէր, քան Անահիտ Սարգսյանը։ Հիշեցնենք, նա Հայրենիքի փրկության շարժման ակտիվ մասնակիցներից էր և մի քանի առիթով հասցրել էր շատ կոշտ արտահայտվել ՔՊ-ի, ՔՊ-ական իշխանության և Նիկոլ Փաշինյանի հասցեին։ Օրինակ՝ ուղիղ երեք տարի առաջ՝ 2020 թվականի դեկտեմբերի 9-ին, ընդդիմության նախաձեռնած շարժման հանրահավաքներից մեկի ժամանակ Մանվել Բադալյանն այսպես էր արտահայտվում իշխանության հասցեին։

«Նրանք բարոյազուրկ իշխանություն են, բարոյազուրկ մարդկանց հավաքածու, և երբ որ ժամանակին հայտարարում էին, որ մենք «իզմեր» չունենք, ես շատ վաղուց գիտեի՝ որն է դրանց «իզմը»։ Նրանք արժեքներից զուրկ մարդկանց հավաքածու են, արժեքներից զուրկ «իզմով» տառապող մարդիկ են։ Բայց մեր հասարակությունը սա չի ներելու և չի հանդուրժելու, ես առավել քան համոզված եմ»,- ասում էր Բադալյանը նիկոլականների հասցեին։ 

Հասարակությունը՝ չգիտենք, բայց Մանվել Բադալյանը, փաստորեն, արդեն ներել է այդ «արժեքներից զուրկ մարդկանց», քանզի այսօր ԱԺ ամբիոնից գրեթե քծնանքով էր արտահայտվում այն «բարոյազուրկ իշխանության» հասցեին, որոնց ժամանակին նաև ակնարկներով թափթփուկ էր անվանում։ Բայց պարոն Բադալյանը պատրաստ է նրանց կողմից ընտրվել Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ։ 

Սա ընդդիմություն-իշխանություն անթաքույց համագործակցության բացահայտ դրսևորում է։

Իհարկե, մի կողմից լավ է, որ ընդդիմության թեկնածուն ևս կարող է ընդունելի լինել և ընտրվել իշխանության կողմից, որ կարողանա գնալ և իր պրոֆեսիոնալ կարողություններն օգտագործել անկախ մարմնում, մյուս կողմից, սակայն տարօրինակ է այս տարբերակված մոտեցումը, որ ՔՊ-ն մի դեպքում քարկոծում և ստորացնում է ընդդիմության թեկնածուին, մեկ այլ դեպքում ծաղիկներով ընդունում այդ նույն ընդդիմության մեկ այլ թեկնածուի։

Մենք տեղեկացանք, որ Բադալյանին ԱԺ-ում ներկայացնելուց առաջ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը բանակցել է ՔՊ-ի հետ և եկել համաձայնության, որ այս անգամ գոնե ընդունելի դառնա իրենց թեկնածուն իշխանության համար։ ՔՊ-ն էլ համաձայնել է երբեմնի ընդդիմադիր Մանվել Բադալյանին «ներել» և քվեարկել նրա օգտին՝ դա որպես լավություն կամ դիվիդենտ օգտագործելով ընդդիմության նկատմամբ։ 

Վահե Մակարյան