Բուհերի միավորման հետևանքով ուսանողները չեն տեղափոխվելու, սովորելու են նույն շենքերում․ Դումանյան

Զարմացած եմ Բրյուսովի ռեկտորի հայտարարությունից, թե իր համար լուրն անակնկալ է եղել։ Այդ մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը՝ անդրադառնալով Բրյուսովի անվան պետական համալսարանը Մանկավարժական համալսարանին ու Ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտին միավորելու հարցին։
Նրա խոսքով, այդ հարցի մասին վերջին քննարկումը եղել է օգոստոսի իննին, երեք բուհերի ռեկտորների մասնակցությամբ։
«Նրանց ասվել է, որ կա նման գաղափար, ինչը նոր չէ։ Ես ասել եմ, որ հնարավոր է՝ շուտով այդ գաղափարը մտնի գործնական փուլ։ Եվ Բրյուսովի ռեկտորն ինձ ասաց, որ իր պաշտոնավարման ժամկետը մոտենում է ավարտին, ու հոկտեմբերին պետք է հայտարարվի մրցույթ։ Ասացի՝ շատ լավ, կարգի համաձայն կհայտարարվի, սակայն, մենք ունենք նման գաղափար ու հիմնավորված չի լինի մրցույթ անցկացնելը։ Պիտի գնար մրցութային գործընթաց, թեկնածուների, զարգացման ծրագրեր և այլն։ Մեզ ասվեց, որ գուցե այլ կոնցեպտ քննարկենք, մենք էլ արձագանքեցինք, որ բաց ենք ամեն տեսակ քննարկման համար»,- ներկայացրեց Դումանյանը։
Նախարարը նշեց, որ օգոստոսի իննից իրենք մեկ շաբաթ ժամկետ են տվել ռեկտորներին՝ իրենց ցանկալի կոնցեպտը ներկայացնելու, սակայն մինչ օրս սպասում են դրան։ Դումանյանը նկատեց, որ այս պահին իրենց համար է անակնկալ, որ նման քայլի են գնում ռեկտորները, քանի որ գործընկերային հարաբերությունները ենթադրում են, որ քայլերը պետք է համաձայնեցված լինեն։
«Այո՛, կառավարությունը շրջանառում է երեք բուհերի միավորման որոշումը։ Ես դա բացահայտ եմ ասում։ Իդեպ, ուզում եմ ուսանողներին ու դասախոսներին ասել, որ մեր կյանքում դրանով ոչինչ կտրուկ չի փոխվելու։ Որևէ հաստիք չի կրճատվի, միգուցե երկու ռեկտորի հաստիք պակաս կլինի։ Խոսքն ամենաշատը երկու պաշտոնի մասին է, իսկ բովանդակության մասով որևէ բան չի փոխվելու։ Ուսանողներին էլ կոչ եմ անում չտարվել կրթության շահերից չբխող հարցերի հետևից»,- ասաց նախարարը։
Նա տեղեկացրեց, որ երեք շենքերն էլ պահպանվելու են, ոչ մի տեղափոխություն չի լինելու, իսկ երբ կլինի ակադեմիական քաղաք, ապա բոլոր բուհերի ուսանողները կտեղափոխվեն։ Բայց դա, ըստ նախարարի, լայնամասշտաբ գործողություն կլինի։ Իսկ հարցին, թե մեկ ռեկտորը կարո՞ղ է երեք բուհ կառավարել, Դումանյանը պատասխանեց՝ միանշանակ։
«Բուհի հիմնական խնդիրը որակյալ կրթություն տալն է, իսկ դա ռեկտորը չի մատուցում»,- նշեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում․