Տապալված նիստ՝ հանուն «խաղաղության օրակարգի»

Տապալված նիստ՝ հանուն «խաղաղության օրակարգի»

Դեռ տասն օր առաջ մեր արած կանխատեսումը հարյուր տոկոսով իրականություն դարձավ։ «Շուշիի հռչակագիրը» դատապարտող հայտարարության հարցով «Հայաստան» խմբակցության հրավիրած Ազգային ժողովի երեկվա արտահերթ նիստը չկայացավ, քվորում չկար։ Նիստին գրանցվեց 29 պատգամավոր անհրաժեշտ 54-ի փոխարեն։

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները չէին ներկայացել։

ՔՊ-ն իր բոյկոտի մարտավարությունը բացահայտ էր հայտարարել՝ չեն ուզում խոչընդոտել «խաղաղության օրակարգին»։

Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի շրջանակներում երկու երկրների հատուկ ներկայացուցիչների` Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի երկրորդ հանդիպումը նշանակված է Վիեննայում՝ այսօր։

Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ն ամեն բան արեցին, որ այս հանդիպման «բարձր տրամադրությունը չփչացնեն»։

Նման բան որևէ իշխանություն անում է, երբ վստահ է լինում, որ դիվանագիտական գործընթացը բարենպաստ ընթացք է ունենալու ու չի ցանկանում ներքին որևէ դիսկուրսով խանգարել դրական զարգացումներին։

«Եթե Հայաստանը շարունակի վճռականությունն առաջընթաց գրանցել բանակցային գործընթացում, որը սկսվել էր երկու երկրների հատուկ ներկայացուցիչների կողմից, ապա Թուրքիայում կվերանա սահմանները փակ պահելու անհրաժեշտությունը», - երեկ ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը՝ մեկնաբանելով երկու երկրների հատուկ ներկայացուցիչների մեջ ընթացող շփումները։

Ի՞նչ «վճռականության» մասին է խոսում Էրդողանը, արդյո՞ք գործ ունենք ինչ-որ նախապայմանների մասին։

Ամեն դեպքում, Էրդողանի օգտագործած «եթե» բառը հուշում է, որ բանակցային գործընթացում միանշանակություն չկա։

Նման պարագայում՝ շատ ավելի բնական կլիներ, եթե Փաշինյանի իշխանությունն այսօրվա հանդիպումից առաջ ուժեղացներ իր բանակցային նշաձողը, թեկուզև՝ սահմանափակվելով խորհրդարանական քննարկումներով, որոնք կավարտվեին առանց հայտարարության ընդունման։

Դա տեղի չունեցավ։

Պատճառն ամենևին այն չէ, որ Փաշինյանը վստահ է հայ- թուրքական դիալոգի դրական արդյունքի հարցում․ նա պարզապես չի համարձակվում որևէ հարցում ընդդիմանալ Էրդողանին։

Վահրամ Բագրատյան