10 օր անցավ ու որոշեց, որ ինքը դիկտատոր է. Սամվել Բաբայան

10 օր անցավ ու որոշեց, որ ինքը դիկտատոր է. Սամվել Բաբայան

Տասն օրն անցավ և ակնհայտ դարձավ, որ Արայիկ Հարությունյանի հայտարարությունը ոչ ուղիղ տեքստով դիկտատուրայի հաստատման մասին էր։ Այս մասին այսօր MediaHub-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության ՊԲ նախկին հրամանատար, Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանը՝ անդրադառնալով ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի երեկվա հայտարարությանը։ 

Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ Սամվել Բաբայանը և իր աջակիցները հանրահավաք էին իրականացրել՝ նախագահից պահանջելով, որ վերջինիս նշանակի պետնախարարի պաշտոնում։ Հանրահավաքից հետո պարզ դարձավ, որ Հարությունյանն իր վերջնական որոշումը 10 օրից է հայտնելու, որն, ըստ էության, երեկ արված հայտարարությունն էր։

«Մեր առաջարկն այն է եղել, որ կիսենք պատասխանատվությունը, միասնական լուծումներ գտնենք: Ես դեմ չեմ եղել կոմիտե ստեղծելուն, բայց փաստորեն այս 10 օրերի ընթացքում նախագահը մտածում էր, որ ամեն ինչ իր ձեռքում է և ինքն է միակ պատասխանատուն։ Իրեն խորհուրդ տվողներն էլ, կարծես թե, չեն գիտակցում, թե ինչ լրջագույն խնդիրների են բախվելու։ Հիմա արդեն հասարակության խնդիրն է, հասարակության հետ ես շփվում եմ, այնպես չէ, որ իրենք դեմ էին մեր առաջարկին և այնպես էլ չէ, որ դեմ լինեին, պիտի պարտադրեինք»,-ասաց նա։ 

Հարցին՝ եթե մինչ այս Արայիկ Հարությունյանը «ոչինչ չէր անում», հիմա ևս նույնն է շարունակելու ստեղծված իրավիճակից դուրս գալու համա՞ր, վերջինս պատասխանեց․ «Դե, սա էլ ես չեմ ասում, դուք եք նկատում։ Տեսեք, ունենք սուպերնախագահություն, Սահմանադրությամբ դու ես պատասխանատուն, ռազմական դրություն է հայտարարվել, հարց է առաջանում՝ ինչի՞ պարտականություններդ չես կատարում, պարոն նախագահ։ Ես չեմ ասել՝ ինձ պաշտոն տվեք, ես ասել եմ՝ պատրաստակամ եմ պատասխանատվություն կիսել, բայց բոլոր լիազորություններով, որպեսզի այս վիճակից դուրս բերեմ արցախցուն։ Խնդիրն այն է, որ ես չեմ կարող գործել առանց որևէ պաշտոն ունենալու, կամավորության սկզբունքով չեմ կարող բանակում կառուցվածք փոխել»,-ընդգծեց Բաբայանը։ 

Ճշտող հարցին՝ Ադրբեջանի դրած անցակետը շարունակելո՞ւ է մնալ, վերջինս պատսխանեց՝ կմնա այնքան ժամանակ, մինչ արցախյան կառավարությունը գործի այն սզբունքներով, որով հիմա է առաջ շարժվում։

Լիաննա Թորոսյան