Պատմության այս օրը․ Հեղինակային իրավունքի մասին հռչակագրի ստորագրում (լուսանկարներ)

Պատմության մեջ յուրաքանչյուր օր առանձնանում է որևէ իրադարձությամբ, փաստով կամ տոնով։ Եվ այսուհետ MediaHub.am-ն իր հետևորդներին է ներկայացնելու յուրաքանչյուր օրվա խորհուրդը։
Շարքում հինգերորդը հեղինակային իրավունքի մասին հռչակագրի ընդունումն է։ 1952 թվականին հենց այս օրը, Ժնևում, ընդունվեց հեղինակային իրավունքի մասին հռչակագիրը։
Հեղինակային իրավունքը կարգավորում է ստեղծագործությունների ստեղծման և օգտագործման կապակցությամբ առաջացող հարաբերությունները։ Այն մարդու հետ անխզելիորեն կապված իրավունքներից մեկն է, որի պաշտպանությունը ամրագրված է մի շարք ներպետական և միջազգային ակտերով։
«Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիր»-ը, ամրագրելով մարդկանց ի ծնե պատկանող իրավունքները, սահմանում է յուրաքանչյուրի՝ մշակութային կյանքին ազատորեն մասնակցելու, գիտական առաջընթացին մասնակցելու և դրա բարիքներից օգտվելու, իր հեղինակած գիտական, գրական կամ գեղարվեստական աշխատանքի բարոյական և նյութական շահերի պաշտպանության իրավունքները։
Օրենսդրության մեջ հեղինակային իրավունքը ընդգրկված է մտավոր սեփականությանն ինստիտուտի մեջ։ Հեղինակային իրավունքը ծագում է մարդու մտավոր գործունեության արդյունքում ստեղծագործության ստեղծման փաստով։ Ստեղծագործությունը համարվում է ստեղծված, եթե այն արտահայտված է ընկալելու հնարավորություն թույլատրող որևէ օբյեկտիվ ձևով։ Այն տարածվում է ինչպես արդեն իսկ հրապարակված, այնպես էլ դեռևս չհրապարակված ստեղծագործությունների վրա։ Ընդ որում, հեղինակային իրավունքները պաշտպանվում են անկախ ստեղծագործության ծավալից, նշանակությունից, արժանիքներից ու ստեղծման նպատակից։ Այսինքն՝ կարևոր չէ, որ այն ավարտուն տեսք ունենա։
Հեղինակային իրավունքների ծագման համար որևէ նշանակություն չունի ստեղծագործության ձևը․ այն կարող է լինել գրավոր, բանավոր կամ արտահայտվել որևէ այլ ընկալելու հնարավորություն թույլ տվող օբյեկտիվ ձևով։ Հեղինակային իրավունքը ծագում է առանց որևէ գրանցման կամ այլ գործողության: Իրավական համակարգերի մեծ մասը ճանաչում է հեղինակային իրավունքի սահմանափակումները՝ թույլատրելով դրանց ազատ օգտագործումը։