Ինչպես Ռուբեն Վարդանյանի նշանակման, այնպես էլ ազատման ժամանակ մենք տեսակետ չունենք․ Սիմոնյան

Ուրախ եմ, որ կամաց-կամաց գալիս ենք այն իրավիճակին, երբ Արցախի օրինական ներկայացուցիչներն իրենք են բանակցում և իրենք են որոշումներ կայացնում և մենք կարողանում ենք տարանջատել Արցախի և ՀՀ ղեկավարություններին։  Արցախի ղեկավարություններն են բանակցում, Արցախի ղեկավարություններն են այդ որոշումը կայացնում և հարցն ինձ չի վերաբերում։

Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով Լաչինի միջանցքը բացելու և այդ ուղղությամբ տարվող բանակցությունների մասին։

«Ես չգիտեմ, թե ովքեր են բանակցել, պետք է դիմեք Արցախի իշխանություններին»,-ասաց նա։
Հարցին, թե Երևանն ի՞նչ տեսակետ ունի Ռուբեն Վարդանյանի՝ պաշտոնից ազատման վերաբերյալ, վերջինս պատասխանեց․ «Ինչպես նշանակման ժամանակ որևէ տեսակետ չուներ, այնպես էլ ազատման ժամանակ որևէ տեսակետ չունի: Ես չգիտեմ, թե ինչ դրդապատճառներով է որոշում կայացվել նշանակել Ռուբեն Վարդանյանին և չեմ ուզում, նաև չգիտեմ, թե ինչ դրդապատճառներով է նա ազատվել: Պարոն Վարդանյանն ու պարոն Հարությունյանն իրենց մեկնաբանությունը տվել են։ Իսկ ՀՀ-ն և ՀՀ իշխանությունները որևէ մասնակցություն թե՛ նշանակման, թե՛ ազատման գործընթացում չեն ունեցել և որևէ հետաքրքրություն էլ չունեն»:

Մանրամասները՝ տեսանյութում: