Աշխարհի լուրերը՝ 1 րոպեում (22.01.2024)

1.  Հոկտեմբերի 7-ին «Համաս»-ի կողմից գերեվարված իսրայելցիների հարազատներն այսօր գրոհել են երկրի խորհրդարանի՝ Քնեսեթի շենքը, պահանջելով օրենսդիրներից գործուն ջանքեր ձեռնարկել պատանդներին ազատ արձակելու համար։ Reuters-ի տեղեկություններով՝ պատանդների հարազատները մուտք են գործել խորհրդարանի Ֆինանսական հարցերի հանձնաժողովի նիստերի դահլիճ՝ ընդհատելով այդ պահին ընթացող քննարկումը։ Պաշտոնական տվյալներով՝ այս պահին Գազայում 130 իսրայելցի պատանդ կա։
2.  Սիրիայում հարձակման են ենթարկվել ԱՄՆ բանակի հենակետերը, որոնք տեղակայված են Ալ-Շադադի շրջանում և Ալ-Օմար նավթային հանքավայրում։
3.  Առնվազն 89 մարդ է մահացել մեկ շաբաթվա ընթացքում Միացյալ Նահանգների տարբեր  շրջաններում ձմեռային անբարենպաստ եղանակի պատճառով: Նշվում է, որ Թենեսիում զոհվել է 25 մարդ, իսկ Օրեգոնում՝ առնվազն 16 մարդ, այդ թվում՝ երեքը՝ մեքենայում, որի վրա ծառ է ընկել։ Եղանակի հետ կապված մահվան դեպքեր են գրանցվել այս շաբաթ Իլինոյսում, Փենսիլվանիայում, Միսիսիպիում, Վաշինգտոնում, Կենտուկիում, Վիսկոնսինում, Նյու Յորքում և Նյու Ջերսիում: 
4.  Բրիտանական կղզիներում մոլեգնած «Իշա» ուժգին փոթորիկը հասել Է Շոտլանդիայի ափեր: Փոթորկի պատճառով Իռլանդիայում տապալվել են հարյուրավոր ծառեր, չեղյալ է հայտարարվել ավիաչվերթների մեծ մասը, իսկ ԶԼՄ-ները հայտնում են բազմաթիվ ավերածությունների մասին։