Բժիշկը երեխաների համար վտանգավոր մի ժողովրդական պրոցեդուրայից է խոսել

Ալերգոլոգ-իմունոլոգ Տանյա Էլիոթը հորդորել է ծնողներին չծակել իրենց փոքրիկների ականջները. Այս մասին հայտնում է The Sun-ը՝ հղում կատարելով բժշկի տիկտոկյան էջին։
Էլիոթը հանրաճանաչ պրոցեդուրան վտանգավոր է որակել, քանի որ «մանուկ հասակում ականջ ծակելը կարող է ապագայում նիկելի ալերգիա առաջացնել կամ նույնիսկ հանգեցնել վարակի զարգացմանը»:
«Մանուկ հասակում ականջի փիրսինգը կարող է հանգեցնել բակտերիալ վարակների, որոնք առաջացնում են հակաբիոտիկների դիմելու անհրաժեշտություն, թարախակույտներ ու վնասում են ականջի հյուսվածքին և աճառին, եթե պրոցեդուրան ճիշտ չկատարվի»,- ընդգծել է Էլիոթը։
Ալերգոլոգը հավելել է, որ ականջ ծակելու բացասական հետևանքները կարող են ի հայտ գալ ցանկացած տարիքում, սակայն փոքր երեխաների մոտ այդ ռիսկը հատկապես մեծ է փխրուն իմունիտետի պատճառով։ Ըստ Էլիոթի՝ այս կոսմետիկ պրոցեդուրան կարելի է անել մոտավորապես յոթ տարեկանից, երբ երեխան արդեն հասկանում է, որ չի կարելի ձեռքով դիպչել ականջներին, ինչպես խնամել ականջօղերը և ինչպես ախտահանել վերքը։
Եզրափակելով՝ բժիշկը խորհուրդ է տվել երեխաների ականջները ծակել միայն բժշկական կրթություն ունեցող կոսմետոլոգի կողմից։