ՔՊ-ի մահակը իջավ ոչ թե ընդդիմության, այլ Նիկոլ Փաշինյանի գլխին

ՔՊ-ի մահակը իջավ ոչ թե ընդդիմության, այլ Նիկոլ Փաշինյանի գլխին

Օրեր առաջ Նիկոլ Փաշինյանի «համբալ»-ն ունեցավ իր դրսևորումները, դա գլադիատորական մարտերի մեկնարկն էր՝ Ազգային ժողովում։ ՔՊ-ականները այն համարեցին ընդդիմության վրա հարձակվելու հրաման ու անցան գործի։ Սակայն ինչպես ժամանակին ասել էր Սերժ Սարգսյանը՝ խիարը թարս բուսնեց։ Քաղաքական անգրագիտությունը ՔՊ-ականներին դրդեց հարվածել իրենց իսկ հռչական արտաքին քաղաքական կուրսին։

Նիկոլ Փաշինյանը ժամանակին հայտարարեց, որ չի ամաչում, երբ իրեն ասում են թուրք։ Այս հայտարարությունը ոչ միայն քծնանք էր ուղղված Էրդողանին, այլև «խաղաղության խաչմերուկի» անկյունաքարերից մեկը։ Եվ ահա երեկ հենց նույն ՔՊ-ականները «թուրք» արտահայտությունը դրեցին շրջանառության մեջ, այն օգտագործելով որպես ընդդիմությանը հարվածելու մահակ։ Սակայն այդ մահակը առաջին հերթին իջավ ոչ թե ընդդիմության, այլ Նիկոլ Փաշինյանի գլխին։

ՔՊ-ականները հրաշալի նվեր մատուցեցինք թուրք-ադրբեջանական կողմին, որովհետև նրանց տեսանկյունից չի կարող հուսալի լինել այն «խաղաղության խաչմերուկը», որի հեղինակների համար «թուրք» արտահայտությունը շարունակում է մնալ ոչ միայն վիրավորանք, այլև ընդդիմությանը հարվածելու գործիք։ Թեպետ մոտ ապագայում ոչ մի խաղաղության փաստաթուղթ էլ չէր ստորագրվելու, սակայն թուրքական կողմի համար հոյակապ առիթ է հանդիսանալու հերթական ճնշումը բանեցնել Նիկոլ Փաշինյանի հանդեպ, օգտագործելով ՔՊ-ականների քաղաքական անգրագիտությունը ու շեֆին քծնելու անզուսպ մուլուցքը։ Կասկածից վեր է, որ Նիկոլ Փաշինյանը տրվելու է Էրդողանի ճնշումներին ու ցավալի է, որ հատուցումը կրկին լինելու է հայ ժողովրդի ու Հայաստանի Հանրապետության հաշվին։

Իհարկե անձամբ ինձ համար «թուրք» արտահայտությունը վիրավորական է, բայց ՔՊ-ականները պետք է վերջնականապես կողմնորոշվեն, եթե շարունակում են ստորաքարշորեն սողալ Էրդողանի ու Ալիևի առջև, ապա պետք է համակերպվեն նաև այն մտքին, որ իրենց նույնացնելու են թուրքերի հետ։

Քաղաքական տգիտությունը ՔՊ-ականներին թույլ չի տալիս հասկանալու, որ ընդդիմության հայտարարությունները չեն ազդում պետության քաղաքական արտաքին կուրսի վրա, չի ունենում քաղաքական արտաքին հետևանքներ։ Ընդդիմությունը չէ միջպետական հարաբերությունների ձևավորողն ու ուղղորդողը, հետևաբար ընդդիմությունը ազատ է իր ցանկացած խոսքում, ցանկացած ձևակերպման մեջ, ցանկացած մեղադրանքում, այդ թվում վիրավորանքում։ Բայց այ երբ իշխանությունն է անցնում անպատասխանատու հայտարարությունների, դրանից օգտվում են բոլորը, առաջին հերթին մեր թշնամիները:

Ավագ ընկերներիցս մեկը՝ երջանկահիշատակ Երջանիկ Աբգարյանը, հաճախ էր սիրում ասել. «Մարդը կարող է լինել քաղաքականության մեջ, բայց մնալ քաղաքականապես տհաս»։ Փաստենք, որ այս խոսքերը կարծես ասված լինեն հենց ՔՊ-ականների համար: Յոթ տարին քիչ ժամանակ չէր քաղաքականապես հասունանալու համար, սակայն նրանք այդպես էլ մնացին քաղաքականապես տհաս։ Նրանք դուրս եկան փողոցից, բայց հասնելով իշխանության, փողոցն այդպես էլ մնաց նրանց մեջ։

Կարեն Կարապետյան