Արցախից «տուն են կանչում», իսկ փախստական հայրենակիցները հրավիրողներին չեն հավատում

Արցախի հայաթափումից հետո Ստեփանակերտում մնացած ամուսիններ՝ Սարգիս Գալստյանն ու Մարգարիտ Շահնազարյանը շարունակում են օկուպացված հայրենիքից տունդարձի կոչեր հղել Հայաստանում և տարբեր երկրներում ապաստանած հայրենակիցներին։ Տիկինը դատարկված քաղաքի տարբեր անկյուններից ամեն օր լուսանկարներ է հրապարակում, այցելում եղբայրական հուշահամալիր, քաղաքային գերեզմանատուն, կից գրություններով «տուն կանչում» իր հայրենակիցներին։
Սարգիս Գալստյանն էլ այլ ճանապարհ է բռնել, զանգահարում է իր մտերիմներին, ասում, որ ադրբեջանցիներն իրենց լավ են վերաբերվում, միայն կարոտում է բոլորին։ Նրանցից մեկը, ում զանգահարել է Գալստյանը, MediaHub-ի հետ զրույցում ասաց, որ ըստ Սարգսի՝ «արդեն 2000 արցախցի է հերթագրվել հետ վերադառնալու համար»։ Մեր զրուցակիցը նաև պնդեց, որ չնայած Սարգիսն իր մտերիմն է, չի հավատում նրան․
«Այդպես փորձում են մոլորեցնել, եթե կուզեք՝ մանիպուլացնել, որ մարդիկ վերադառնան, որովհետև դա և՛ ադրբեջանցիների շահերից է բխում, և՛ ռուս խաղաղապահների»,- ասաց նա։
Արցախի մարդու իրավունքների պաշտպանը MediaHub-ի հետ զրույցում ամենացցուն օրինակը բերեց.
«Գրեթե նույն բովանդակությամբ, այդպես օրեր առաջ տեսաուղերձ է հղել նաև Ստեփանակերտում հայտնի «գիպսի Միշիկը», թե՝ «ադրբեջանցիները լավ են վերաբերվում, խտրականություն չեն դնում»։ Այդ ամեն ինչն արվում է արցախցիների հոգեբանության վրա ազդելու համար, որ մարդիկ էմոցիաների ազդեցության տակ մտածեն՝ «ես ինչի համար եմ դուրս եկել, նորմալ ապրում են, մենք էլ վերադառնանք»»,-ասաց Գեղամ Ստեփանյանը, ընդգծելով, որ այդ ամենը ադրբեջանցիների ցուցումով է արվում:
Արցախի օմբուդսմենի փոխանցմամբ՝ իրենց տվյալներով Արցախում այս պահին շուրջ 20 հայ է ապրում։
Հունան Թադևոսյան