Վարձակալած տանը նախկինում շներ են բազմացրել․ տիզի պատճառով կորցրել են ամեն ինչ և օգնության կարիք ունեն

Վարձակալած տանը նախկինում շներ են բազմացրել․ տիզի պատճառով կորցրել են ամեն ինչ և օգնության կարիք ունեն

«Տունը, որտեղ ապրում ենք վարձակալական հիմունքներով, նախկինում շներ էին պահում, բազմացնում, վաճառում։ Որ եկել ենք «դեզինֆեկցիա» ենք արել, մաքրել ու տեղավորվել, այդ ժամանակ եղանակը ցուրտ է եղել, դեմը ձմեռ էր, թվում էր՝ ամեն ինչ լավ է։ Եղանակը տաքանալուն պես տան բոլոր անդամներով սկսեցինք զգալ, որ շան տիզը տան իրերի մեջ է, անկողնում, մեր հագուստների մեջ»,- MediaHub-ին պատմում է Արցախի Ճարտարից տեղահանված Գարիկ Դանիելյանը։

Ու քանի որ տանն անչափահաս երեխաներ կան, անկողնային պարագաները փոխարինել են նորով, բնակարանն ամբողջությամբ ախտահանել, որը, սակայն, արդյունք չի տվել։

«Տունը գտնվում է 4-րդ գյուղի Հաղթանակ փողոցում, տանտերն Ուկրաինայում է։ Սկզբից վարձավճարը 250.000 էր, հետո բանակցեցինք, 200-ով համաձայնվեց։ Մենք 11 հոգով ենք ապրում այդ տան մեջ, երեխաներից բացի ևս մեկ հաշմանդամ ունենք։ Համապատասխան դեղամիջոցներով 4 անգամ ախտահանելուց հետո երբ ցանկալի արդյունքի չէինք հասնում, տանն ինչ կար չկար՝ անկողնային պարագաները, հագուստեղենը, անգամ մահճակալները, վառել ենք»,- ասաց նա։

Դանիելյանների ընտանիքը տեղահանվելուց 10 ամիս անց կանգնել է նոր մարտահրավերի առաջ։ Ունեցած գումարով նորից գնել են անհրաժեշտ գույք ու հագուստ, սակայն, խնդիրն այդպես էլ չի լուծվել։ Նոր գնաված ապրանքը նորից ոչնչացրել ու մնացել են ձեռնունայն։ Որպեսզի երեխաները հիվանդություն չստանան, նրանք այժմ տեղավորվել են հյուրանոցում, մնացել առանց ոչնչի։

«Երեխաներից երկվորյակ տղաները ծնվել են 44-օրյա պատերազմի ժամանակ, փոքր աղջիկը՝ 2023-ի սեպտեմբերի 20-ին, երբ Արցախում էլի պատերազմ էր։ 2 օրական էր, երբ բռնեցինք գաղթի ճամփան։ Հազիվ էինք տեղավորվել, փորձում էինք համակերպվել, բայց շների տիզի պատճառով նորից ամեն ինչ կորցրեցինք»,- ափսոսանք հայտնեց Գարիկ Դանիելյանը։  

Ընտանիքն այժմ օգնության կարիք ունի։