Հայաստանի պետական պարտքը մոտենում է 12 մլրդ դոլարին․ մանրամասներ

Հայաստանի պետական պարտքը մոտենում է 12 մլրդ դոլարին․ մանրամասներ

2024 թվականի փետրվարի վերջի դրությամբ Հայաստանի պետական պարտքը կազմել է 11 մլրդ 943 մլն ԱՄՆ դոլար։ Այս մասին են վկայում Ֆինանսների նախարարության տվյալները։ 

Այն տարեսկզբի համեմատ աճել է 97.5 մլն դոլարով։

Արտաքին պետական պարտքը փետրվարի վերջի դրությամբ կազմել է 6 մլրդ 441 մլն դոլար։ Երկու ամսվա ընթացքում նվազել է 60 մլն դոլարով։ Ներքին պարտքը կազմել է 5 մլրդ 502 մլն դոլար՝ աճելով մոտ 158 մլն դոլարով։

Արտաքին աղբյուրներ են միջազգային կազմակերպությունները, օր․՝ Համաշխարհային բանկը, Արժույթի միջազգային հիմնադրամը, և պետությունները՝ Ռուսաստանը, Գերմանիան և այլն։ Թողարկվում են նաև արտարժութային պարտատոմսեր։ Ներքին աղբյուրները պետական պարտատոմսերն են, որոնց թողարկումից գոյացած գումարները պետությունն ուղղում է բյուջեի ծախսերին։

2023 թվականին Հայաստանի պետական պարտքն աճել է 1 մլրդ 208 մլն դոլարով կամ 11.4%-ով։ Կազմել է 11 մլրդ 845 մլն դոլար։ Ներքին պարտքն աճել է 1 մլրդ 152 մլն դոլարով կամ 27.5%-ով՝ կազմելով 5 մլրդ 344 մլն դոլար։