Ադրբեջանը հեշտ հարևան չէ, բայց դա չի նշանակում, որ պետք է միշտ պատերազմենք․ Խանդանյան

Բանակցությունները շարունակվում են, դրա համար են ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունները հակիրճ։ Այդ մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Սարգիս Խանդանյանը՝ անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների վաշինգտոնյան հանդիպմանը։ 

Նրա խոսքով՝ բանակցությունները իրականացվում են «խաղաղության պայմանագրի» տեքստի շուրջ, և քանի դեռ այդ բանակցություններն ավարտված չեն, պետք չէ խոսել արդյունքների մասին։

«Հայաստանի խնդիրը համապարփակ խաղաղության հասնելն է տարածաշրջանում, ինչպես նաև Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորելն ու ԼՂ հայերի իրավունքների հասցեագրումը»,- նշեց նա։ 

Հարցին, թե ինչո՞ւ է «խաղաղության պայմանագիրը» վերանվանվել և ստացել «հարաբերությունների կարգավորման համաձայնություն» անունը, Սարգիս Խանդանյանը պատասխանեց՝ իրավական ձևակերպումների հարց է։

«Որպեսզի պայմանագիրը կենսունակ լինի, որոշակի մեխանիզմներ են պետք, որոնք կերաշխավորեն այդ կենսունակությունը։ Կողմերը պետք է բանակցեն։ Կարծում ենք՝ միջազգային հանրության ակտիվ ներգրավվածությունն էլ է պետք»,- նշեց Խանդանյանը։ 

Դիտարկմանը, թե արդյո՞ք խառնաշփոթ չի առաջանա, երբ Վաշինգտոնից հետո կողմերը Մոսկվայում էլ բանակցեն, ՔՊ-ական պատգամավորն արձագանքեց՝ հայկական կողմից խառնաշփոթ չի լինի, քանի որ մենք գիտենք, թե ինչ ենք ուզում։ 

«Բոլոր հարթակներում մենք մեր սկզբունքները պաշտպանում ենք»,- ասաց պատգամավորը։ 

Ինչ վերաբերում է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովի հայտարարությանը, թե հարցի իրավական լուծումը նոյեմբերի իննի փաստաթղթով պետք է լինի, ապա Սարգիս Խանդանյանը նկատեց՝ հարցն այն է, թե ինչու պարոն Պեսկովը չի ասում՝ ինչո՞ւ ՌԴ-ն չի երաշխավորում նոյեմբերի 9-ի հայտարարությամբ սահմանված դրույթները։ 

«Ադրբեջանն այդքան էլ հուսալի գործընկեր չէ, եթե, իհարկե, կարող ենք նրան այդպես կոչել, բայց դա չի նշանակում, որ Հայաստանը պետք է դուրս գա բանակցություններից ու հավերժ պատերազմի Ադրբեջանի հետ։ Ուստի մեր նպատակն է գտնել մի բանաձև, որով հնարավոր կլինի համակեցություն ապահովելը»,- նկատեց նա։ 

Խանդանյանը վստահեցրեց՝ Հայաստանի տարածքային ամբողջականության պահպանումը միշտ օրակարգում է, և այն չի կարող դուրս մնալ նաև այս բանակցություններից։ 

«Կրկնում եմ՝ Ադրբեջանը հեշտ հարևան չէ, և մենք տեսել ենք նրա ամբողջ վարքագիծն այս տարիներին, ու դրա համար մեզ անհրաժեշտ է միջազգային հանրության տեսանելիությունը բարձրացնել տարածաշրջանում, որ հնարավոր լինի զսպել Ադրբեջանին այս հակամարտության շրջանակում»,- նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։