Արցախը՝ քաղաքական ճգնաժամի հորձանուտում
Հանգստյան օրերին շրջափակման մեջ հայտնված Արցախում ներքաղաքական զարգացումները դրամատիկ ընթացք ունեցան՝ ԼՂ-ում ճգնաժամին հաղորդելով նաև ներքաղաքական բաղադրիչ:
Ամեն ինչ սկսվեց Արցախի ԱԺ նախագահի հունվարի 14-ի տարօրինակ հայտարարությամբ:
Արցախի Ազգային ժողովի նախագահը չի բացառել արտահերթ նախագահական ընտրությունները։ Արթուր Թովմասյանը հայտարարել է նաև իր թեկնածությունն առաջադրելու մտադրության մասին։ Թովմասյանն ասել է՝ ուզում է անկեղծ լինել ու Արցախում արտահերթի թեմայով զրույցները պատերի տակից բերել քաղաքական հարթություն։
Արցախի ԱԺ նախագահի հայտարարություններն առնվազն տարակուսելի են՝ այն իմաստով, որ Ստեփանակերտում տեղի էր ունենում իշխանության փաստացի փոխանցում պետնախարար Ռուբեն Վարդանյանին:
Հետո պարզվեց, որ անհաղթահարելի հակասություններ են առաջացել Արայիկ Հարությունյանի ու Ռուբեն Վարդանյանի միջև ու դրանով է պայմանավորված Արցախի նախագահի թիմակից Արթուր Թովմասյանի հայտարարությունը:
Հարությունյանը Վարդանյանից հրաժարական է պահանջել, մերժում ստացել, ապա սպառնացել է հրաժարական տալ, ինչն, ամենայն հավանականությամբ, ԼՂ-ում սահմանադրական ճգնաժամ կհարուցի, որովհետև դժվար է պատկերացնել, թե այսօր արտահերթ ընտրությունների անցկացման հնարավորություն կա:
Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը, մեկնաբանելով իր հրաժարականի մասին լուրերը, հայտարարել է, որ չի պատրաստվում հրաժարական տալ: Միաժամանակ Վարդանյանը անընդունելի է համարել երկրի նախագահի, նաև խորհրդարանի հնարավոր հրաժարականը։
«Ես չեմ պատրաստվում հրաժարական տալ, առավել ևս՝ ստեղծված իրավիճակում։ Միևնույն ժամանակ, անընդունելի է երկրի նախագահի, հետևաբար՝ նաև խորհրդարանի հնարավոր հրաժարականը», – գրել է նա իր ֆեյսբուքյան էջում։
Դա շաբաթ օրն էր, իսկ երեկ Ստեփանակերտում տեղի է ունեցել ԱԽ նիստ՝ ներքաղաքական ճգնաժամը հաղթահարելու նպատակով: Տեղեկություններն իրարամերժ են. ոմանք ասում են կոմպրոմիս է գտնվել, մյուսներն ասում են՝ ճգնաժամը շարունակվում է:
Ի՞նչ հիմք ունի Արայիկ Հարությունյան- Ռուբեն Վարդանյան հակադրությունը: Արդյո՞ք այն թելադրված է Երևանից ու պայմանավորված է այն հանգամանքով, որ Ռուբեն Վարդանյանը կոշտ դիրքորոշում ունի Բաքվի ու նրա հետ երկխոսության վերաբերյալ, թե՞ գործ ունենք Ստեփանակերտում ծավալվող ներքաղաքական գզվռտոցի, իշխանության համար պայքարի հետ: Իհարկե, այս հարցերի վերաբերյալ մենք ունենք մեր դիրքորոշումը, սակայն առայժմ կսպասենք Ստեփանակերտում ծավալվող զարգացումներին՝ ձեռնպահ մնալով դիրքորոշումներից, որոնք կարող են խանգարել ներքաղաքական կոնսենսուսի կայացմանը:
Վահրամ Բագրատյան